Իջևանում բացվել է նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որն արդեն իսկ դարձել է համայնքային կյանքի ակտիվ կենտրոն։ Քանդակների այգում ստեղծված նոր միջավայրը նախատեսված է բնակիչների հանդիպումների, շփման, կրթական ու մշակութային նախաձեռնությունների համար։ Այն ներառում է բացօթյա ամֆիթատրոն, խաղային գոտիներ, հանգստի հատվածներ և ներառական ենթակառուցվածքներ՝ նախատեսված համայնքի բոլոր խմբերի համար։
Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» նախագծի շրջանակում՝ Իջևանի համայնքապետարանի ու Սերբիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Շուրջ 40 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի կարևոր առանձնահատկություններից է բնակիչների անմիջական մասնակցությունը․ համանախագծման գործընթացում ներգրավվել են համայնքի տարբեր բնակավայրերից տասնյակ քաղաքացիներ։
«Մենք լսել ենք համայնքի կարիքները, բնակիչներն իրենք են առաջ բերել այն գաղափարները, որոնք ցանկանում էին տեսնել իրենց համայնքում։ Տավուշի մարզում մենք բազմաթիվ նախգծեր ունենք՝ ուղղված համայնքների զարգացմանը, կանանց ու երիտասարդների զորեղացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, և հաջողությամբ իրականացնելով այս նախագծերը, մենք ուրախ ենք տեսնել տեղի կառույցների պատրաստակամությունն ու աջակցությունը նախագծերի կյանքի կոչմանը»,- իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Հայաստանում Նաթիա Նացվլիշվիլին։

Քանդակների այգին Իջևանի բնակիչների ու քաղաքի հյուրերի ամենասիրելի և ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Տարիներ շարունակ այն եղել է զբոսանքի ու մշակութային հանդիպումների կարևոր հարթակ։ Այժմ, նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի ստեղծմամբ, այգին ստացել է նոր շունչ՝ վերածվելով մարդկանց միավորող, գաղափարների փոխանակման և համայնքային կյանքի աշխուժացման ժամանակակից կենտրոնի։
«2024 թվականին Սերբիայի կառավորությունը 1 մլն եվրո արժողությամբ աջակցություն տրամադրեց Հայաստանին, այստեղ իրականացնելու «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը։ Իջևանում իրականացվող այս ծրագիրը Հայաստանում իրականացվող 34 նախագծերից մեկն էր։ Սերբիան ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ են, և մեր երկու երկների հարաբերություններում բարեկամական ավանդույթներ ունենք։ Սա երկամյա նախագիծ է, և մեր գործընկերությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Իջևան համայնքին շնորհավորում եմ այսպիսի գեղեցիկ հանրային տարածք ունենալու համար»,- իր խոսքում նշեց Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը։
Այս նախաձեռնությունը Տավուշի մարզում իրականացվող ավելի լայն համագործակցության մի մասն է, որի նպատակը համայնքների դիմակայունության և կայուն զարգացման ամրապնդումն է։ Հանրային նոր տարածքի ստեղծմանը զուգահեռ, ծրագրի շրջանակում իրականացվել են նաև մի շարք կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություններ․ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ Աչաջուր բնակավայրում կառուցվել է նոր ջրամբար՝ ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու և գյուղատնտեսական համայնքներին աջակցելու նպատակով։
Կարդացեք նաև՝





