«Բերդ» մշակույթի կենտրոնը հայտնում է, որ «Տավուշ» բերդ բարձրանալը վտանգավոր է կյանքի և առողջության համար։ Ամրոցը խարխլված է, իսկ վերջին պեղումներից և տեղումներից հետո քարաթափման վտանգը զգալիորեն աճել է։
«Տավուշ» բերդը՝ կործանման եզրին։
«Տավուշ» բերդը՝ այն պատմական ամրոցը, որի անունով կոչվում է մեր ամբողջ մարզը, կանգնած է անդարձ կորստի եզրին։ Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, բայց բերդը շարունակում է մենակ մնալ։ Մի քանի տարի առաջ բերդի վերջին պահպանված հատվածում իրականացվել են հնագիտական պեղումներ։ Հողաշերտը՝ երբեմնի պաշտպանական վահանը, հեռացվել է՝ բացելով քայքայման ուղին։ Բայց հետո՝ ոչ մի ամրակայման աշխատանք չի իրականացվել։
Այսօր անձրևաջրերը մերկ քարերի միջով ներթափանցում են արագացնելով նրա մահվան ընթացքը։ Պատկան մարմիններին մշտապես բարձրաձայնում ենք. նրանք պատասխանում են՝ «մրցույթ է հայտարարվել, բայց մասնակցող չկա»։ Բայց բերդը չի սպասում։ Պատմությունը չի սպասում։ Եվ եթե այսպես շարունակվի, մեր նախնիների ժառանգած այս խորհրդանիշը պարզապես կվերանա՝ մի օր մնալով միայն նկարներում ու հուշերում։
Եթե այժմ չփրկենք «Տավուշ» բերդը, վաղը կարող ենք կանգնել դատարկ պատմության առաջ», նշված է «Բերդ» մշակույթի կենտրոնի հայտարարության մեջ։