Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին են զանգահարել «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան 63 հասցեում վերամբարձ կռունկով աշխատելիս էլեկտրահարվելու հետևանքով «էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Գոռ Կ․-ին:
Արդեն հիվանդանոցում տուժած Գոռ Կ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, ինքը գտնվել է Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 63 հասցեում գործող իր քեռուն, Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Ս․-ին պատկանող Ա/Ձ-ի տարածքում, որտեղ Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Վ․-ն իրեն պատկանող ավտոկռունկով տախտակներ բեռնելու նպատակով ամբարձիչը բարձրացրել է վեր ու չի նկատել տարածքով անցնող հոսանքի լարերը, ամբարձիչը դիպել է հոսանքի լարերին, այդ պահին ինքը ցանկացել է ամբարձիչի կեռը հանել ամրացված տեղից և հոսանքահարվել է: Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։