Մարդիկ սկսեցին պատրաստվել երկրաշարժերին: Սպիտակի երկրաշարժի դասերն առաջինը մենք պիտի յուրացնեինք, ամենաուշիմ աշակերտը մենք պիտի լինեինք, որովհետև ոչ մի երկրաշարժ այդքան լավ ու խոր ուսումնասիրված չէ, որքան մերը:
Սակայն Սպիտակի երկրաշարժը առաջինը չէր Հայաստանի պատմության մեջ։ Հազարավոր տարիներ առաջ, նույնիսկ նույն տեղում ավելի ուժգին երկրաշարժեր էին գրանցվել։ Եվ գոյություն ունի սեյսմոլոգիայի օրենք, ըստ որի երկրաշարժերը կրկնվում են այնտեղ, որտեղ նախկինում արդեն արձանագրվել են ուժեղ սեյսմիկ իրադարձություններ: Եվ այդ իսկ պատճառով երկրաշարժի կանխատեսման առումով գիտնականները խիստ կարևորում են պատմական հավաստի տվյալները: Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ստանալու ուժեղ երկրաշարժերի վիճակագրությունը, որոշելու կրկնելիության հաճախականությունը և կանխատեսելու սպասվելիք հնարավոր սեյսմիկ իրադարձությունները:
Հայաստանը նույնպես գտնվում է սեյսմակտիվ գոտիներից մեկում։ Օրինակ, Սպիտակի երկրաշարժը բնավ էլ պատահական երևույթ չէր: Ցավոք, միայն երկրաշարժից հետո ուսումնասիրվեց օջախը և պարզվեց, որ անցյալում նույն տեղում արդեն եղել են ուժեղ երկրաշարժեր: 10-բալանոց ցնցումներ այստեղ տեղի են ունեցել նույնիսկ 24, 20 և 17 հազար տարի առաջ:
Գոյություն ունեն երկրաշարժի տեղը, ուժը և ժամանակը որոշելու տարբեր մեթոդներ՝ երկրի մակերևույթի երկրաբանական հետքերով, շենք-շինությունների փլուզման աստիճանով ու տեսակներով և, իհարկե, ականատեսների գրավոր վկայություններով: Հայաստանը, որպես հնագույն երկիր, իր վաղ մատենագրությամբ և զարգացած մշակույթով՝ հարուստ նյութ է տրամադրում սեյսմոլոգիայի զարգացմանը:
Հայաստանի երկրաշարժերի մասին հնագույն վկայությունը Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունն է.
«…երբ Բեխուրա քաղաքը վերապաշարեցի, Բեխուրա մարզի Բամ լեռը փլվեց. ծուխն ու մուրը վրայից մինչև արև հասան: Երբ Բամ լեռը փլվեց, ես Բեխուրա քաղաքը գրավեցի»:
Պարզ է, որ Արգիշտին աղետը նկարագրում է սոսկ իր նվաճումները թվագրելու նպատակով, սակայն դա չի խանգարում, որ ուսումնասիրողները հնարավոր համարեն Բամ լեռը նույնացնել Հին Բայազեդի մոտ գտնվող մշտապես գործող հրաբխային Թոնդրակ լեռան հետ և գիտական հետևություններ անել:
Մովսես Խորենացին իր «Պատմության» մեջ հիշատակում է մ.թ.ա. տեղի ունեցած երկրաշարժը, ինչի հետևանքով Մեծ լեռան (Մասիս) հյուսիսարևելյան լանջին առաջացել է մեծ խորության ու լայնության վիհ, որի շրջակայքում Հայաստանի թագավոր Տիգրան Առաջինը բնակեցնում է Աժդահակի Ահույշ կնոջը, ուստրերին ու դուստրերին և բյուրավոր գերիներին:
7-րդ դարում ապրած Հովհան Մամիկոնյանը նկարագրում է 602-603 թթ. Տարոնում տեղի ունեցած երկրաշարժը, որի հետևանքով կործանվել են Ս. Կարապետ վանքը և նրա մերձակայքում գտնվող բնակելի տները:
8-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 735 թ. Վայոց Ձորի 9 բալ ուժգնության երկրաշարժի մասին գրում է.
«Հանկարծակի պատահեց երկնքից Տիրոջ պատուհասը և ամբողջ գավառը 40 օր շարունակ պատվեց խավարով, որի հետ եղավ նաև դղրդոց և երկրաշարժ, որովհետև երկիրը եռում էր ահեղ կերպով, ստորերկրյա դղրդյուն առաջացնում, անդունդից բարձրանում էր մինչև վեր և նորից, որպես ծովի ալիք, փլուզվում էր, տապալվում էին լեռները, քարերն իրենց հիմքից քանդվում, տներն ու գեղեցիկ ապարանքներն ամենուրեք երերում էին և մարդկային ձայնի նման երկրի խորքից և վերևից լսելի էին լինում «վայ ձոր, Բնական աղետներ8 վայ ձոր» խոսքերը և 10 հազար կենդանի մարդիկ ընկղմվեցին, որոնց գիտեին և թվարկեցին, իսկ անծանոթներին ոչ ոք չէր կարող հաշվել: Այս պատճառով գավառը կոչվեց Վայոց ձոր»:
12-րդ դարի պատմիչ Սամուել Անեցին հիշատակում է 800-802 թթ. երկրաշարժի հետևանքով Կողատու լեռների փլուզման և Եփրատ գետի ընթացքը փոխելու մասին: Նկարագրում է նաև 1113 թ. երկրաշարժը, որը կործանել է շատ քաղաքներ, գյուղեր ու վանքեր:
893 թ. Դվինում տեղի ունեցավ ամայացնող երկրաշարժ (9 բալ), որն ավերակների վերածեց քաղաքը: Այս մասին գրում է ժամանակի խոշոր պատմիչ Թովմա Արծրունին. «Հայաստանում Սմբատի թագավորության երրորդ տարում Աստծո սաստիկ բարկությամբ, ստորերկրյա դղրդոցով ու շարժումով, ներերկրի հիմքերի տապալումով թուլացնելով ամրափակ դժոխային սահմանը, շնչելով քամիների բարկությունը խավարային ջրերի հետ երկրի թանձրաշերտ անդունդներ քանդող ալիքների մեջ, կարծր և չկշռվող ծանրությունը շարժելով մինչև երկրի երեսը` դեպի վեր մղեց Արտաշատ քաղաքի դիմաց գտն վող Նորաբլուրը, ուր և գտնվում էր Դվին շահաստանը: Մարդաշատ, պարսպապատ և պատնեշներով շրջապատված, առևտրական վաճառականությամբ և բազմատեսակ պղծություններով հղփացած այդ քաղաքը դժոխային կերպարանքով՝ բերանը բացած, լայնորեն դեպի անդունդ էր քաշում մարդկանց, որոնց տներն իսկ իրենց համար գերեզման դարձան: Զգաստացած նինվեացիներին խնայողը չխնայեց քարսիրտ դվինցիներին. սրբատեղիները, աղոթատները նույնպես ճեղքվելով խախտվում էին, ինչպես Ոզիա թագավորի մահվան ժամանակ: Այս երկրաշարժն ավելի սաստիկ էր, քան Զաքարիա կաթողիկոսի ժամանակ եղածը՝ (Դվինում 858 թ.) հայերի գերությունից 7 տարի հետո: Այստեղ էր և Ռշտունյաց Գրիգոր եպիսկոպոսը, որը չկարողացավ յուրայինների հետ ազատվել. երբ աղոթում էին լեռան մեջ, նրանցից ոմանք այդ երկրաշարժից թաղվեցին այնտեղ»:
Նույն երկրաշարժի մասին Հովհաննես կաթողիկոսը գրում է.
«…Գիշերը հանկարծակի երկրաշարժ եղավ Դվին քաղաքում, բազմաթիվ սասանություն, սարսափ ու դղրդյուն և կործանում տեղի ունեցավ բազմաբնակ քաղաքում և այն հիմնովին տապալվեց, որովհետև ընդհանրապես փլվեցին և պարիսպների պատվարները, և գլխավորների ապարանքները, և ռամիկների տները, և այդ բոլորը մի ակնթարթում անապատի վերածվեցին: Ապա նաև կաթողիկոսարանի Աստվածաշեն եկեղեցին և ուրիշ ամրաշեն սրբատեղերը քանդվելով և ավերվելով ցած էին հոսում, որ գրեթե նմանվեցին քարքարոտ վայրերի, որը տեսնողներին սարսափեցնում էր…»:
1011-1012 թթ. երկրաշարժը նկարագրում է 13-րդ դարի պատմիչ Մխիթար Այրիվանեցին. «…Երզնկա քաղաքն ամբողջովին թաղվեց, և մնաց միայն Կիրակոս Ողորմածի տունը: Շատ եկեղեցիներ ու բերդեր տապալվեցին»:
1139 թ. աղետաբեր երկրաշարժ է տեղի ունենում Գանձակում և կործանում քաղաքը:
Այդ մասին գրում է Կիրակոս Գանձակեցին.
«Գանձակի երկրաշարժը կործանեց քաղաքը և շինությունները, քաղաքը տապալվեց բնակիչների վրա… Երկրաշարժից մեռավ մեծ վարդապետ Գրիգորը, հանդերձ բազմաթիվ այլ մարդկանց՝ կանանց ու մանուկների, որոնց թիվ չկար և որոնք սպանվեցին` մնալով շենքերի փլատակներում: Փլվեց և Ալհարկ լեռը, և կապեց այն ձորակը, որն անցնում էր նրա միջով, որից գոյացավ ծով, որը մնում է մինչև այսօր»:
Սրանից հետո էլ Հայաստան աշխարհը ցնցել են երկրաշարժերը, այնքան ուժեղ, որ արժանացել են պատմիչ-գրիչների ուշադրությանը:
Պատմական փաստերը վկայում են այն մասին, որ երկրաշարժերը խլում են հազարավոր կյանքեր։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է փրկություն գտնել նույնիսկ ամենաուժեղ երկրաշարժի ժամանակ՝ պահպանելով հավասարակշռություն և հետևելով որոշակի կանոնների։