Մշակույթի տունը համայնքի այն վայրերից է, որտեղ ձևավորվում են հետաքրքրություններն ու բացահայտվում տաղանդները։ Այսօր Ազատամուտի մշակույթի տան երկրորդ հարկը նոր տեսք ունի․ «Հայաստան կյանքի երկիր» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ կամավորները վերանորոգել են շախմատի, կավագործության և ընթերցանության սրահները, ինչպես նաև սենյակներն իրար կապող միջանցքը։
Մինչ վերանորոգումը երկրորդ հարկի սրահներն անմխիթար վիճակում էին և չէին ապահովում երեխաների ստեղծագործական ու կրթական գործունեության համար անհրաժեշտ պայմանները։ Այսօր, սակայն, շուրջ 120 երեխա, ովքեր հաճախում են մշակույթի տան տարբեր խմբակներ, հնարավորություն ունեն ուսանելու լուսավոր, հարմարավետ և բարեկարգ միջավայրում։
Վերանորոգման աշխատանքներին մասնակցած կամավորները միջանցքում թողել են նաև խորհրդանշական անկյուն՝ պատին գրելով իրենց անվան առաջին տառերը, որոնք այսուհետ կպատմեն նրանց նվիրումի և կատարած աշխատանքի մասին։





