Կոնտակտային տվյալներ
Երկուշաբթի-Ուրբաթ 09:00-18:00
ք․Իջևան Անկախության փող․, 9 շենք,
+374 263 40 116
Էլ․ փոստ։ ombuds@ombuds.am
Կայք։ https://ombuds.am/
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես Օմբուդսմանի և մարդու իրավունքների ազգային և ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ ունեցող հաստատություն, գործում է Փարիզյան և միջազգային սկզբունքներին համապատասխան:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանը նպաստում է նաև խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Իր իրավական առաքելության շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհատական և կոլեկտիվ բողոքների քննարկում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։ Պաշտպանն իրականացնում է նաև կոնկրետ բողոքներով ու դեպքերով (սեփական նախաձեռնությամբ) քննարկում, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքներ համակարգային մակարդակում:
Համակարգային մակարդակում կանխարգելիչ աշխատանքները ներառում են, օրինակ՝ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներին համապատասխանության հարցերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցության շրջանակներում Պաշտպանը ներկայացնում է նաև հատուկ կարծիք (amicus brief) դատարանում քննվող` մարդու իրավունքներին առնչվող գործերի վերաբերյալ։
Նորմատիվ իրավական ակերի կատարելագործմանը նպաստելու գործառույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ է մշակում և ներկայացնում իրավասու մարմիններին: Հատկանշական է նաև, որ մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը, դրանք պետք է ուղղարկվեն Պաշպանին՝ գրավոր կարծիք ներկայացնելու:
Համակարգային խնդիրների լուծման և իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքի մյուս կարևոր ուղղություններից է իրազեկման աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Պաշտպանը հրապարակում է տեսանյութեր, տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցեր և այլ նյութեր մարդու իրավուքններին առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Իրավական աջակցություն
Յուրաքանչյուր ոք ունի Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու սահմանադրական իրավունք ՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող և այլ անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք:
- Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով և առցանց եղանակով: Պաշտպանին կարելի է դիմել նաև բանավոր:
- Եթե կարծում եք, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պաշտոնատար անձը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունը խախտել են Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված Ձեր իրավունքը, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
- Պաշտպանի քննարկմանը ենթակա հարցերի շարքում են նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները: Այնուամենայինվ, այս պարագայում պետք է առկա լինի տեղեկություն այն մասին, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումներ, կամ այդ խնդիրն ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք չեն կարող դա իրականացնել ինքնուրույն:
Բողոքն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը և ծանուցում բողոք ներկայացրած անձին.
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը չքննարկելու մասին.
3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
Բողոքի հիման վրա հարցի քննարկման ընթացակարգ սկսելուց զատ, Պաշտպանը կարող է քննարկում իրականացնել սեփական նախաձեռնությամբ, և օգտվել իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ է նախաձեռնվում, եթե առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, եթե խոսքը վերաբերում է հանրային նշանակություն ունեցող հարցի, եթե խախտվել են այնպիսի անձանց իրավունքներ, որոնք չեն կարող ինքնուրույն իրականացնել իրենց շահերի պաշտպանությունը:
Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին,
2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին,
3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող, օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին,
4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին:
Անհատական դեպքերի քննարկմամբ վեր հանված համակարգային խնդիրների հիման վրա Պաշտպանն առաջարկում օրենսդրական փոփոխություններ և դիմումներ է հասցեագրում Սահմանադրական դատարան:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առցանց բողոք ներկայացնելու կարգը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի ուսումնասիրության կարգը