Աչաջրի միջնակարգ դպրոցին կից կառուցվել է նոր հիդրոպոնիկ ջերմոց՝ «Հիդրոգրին Տավուշ» ծրագրի շրջանակում։ Այսպես նաև՝ Սևքարի ու Կողբի թիվ մեկ դպրոցին կից կառուցված հիդրոպոնիկ ջերմոցները մեկ նախագծում հնարավոր են դարձնում կրթական< բնապահպանական և սոցիալական նորարարությունը: Ծրագրի աջակիցը Էստոնիայի կառավարությունն է, այս կերպ գյուղատնտեսության ոլորտում էստոնական փորձը տեղայնացվում է Տավուշի մարզում:
«Էստոնիայում գյուղատնտեսության զարգացումն ունի 2 հիմնական նպատակ. Նախ՝ շրջակա միջավայրի պաշտպանությունն է, բայց նաև շրջանաձև տնտեսությունը, որպեսզի մենք իսկապես պաշտպանենք մեր շրջակա միջավայրը գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումների և արտադրության միջոցով: Ուրախ եմ, որ մենք ունենք օրինակելի էստոնական փորձ նաև այստեղ՝ Հայաստանում։ Էստոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա են։ Մենք ունենք շատ սերտ քաղաքական կապեր: Հայաստան-Էստոնիա հարաբերությունները կարևոր են նաև Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համատեքստում, քանի որ Էստոնիան Եվրոպական Միության անդամ է»,- Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշում է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին:
«Հիդրոգրին Տավուշ» ծրագիրն իրականացվում է միայն Տավուշի մարզում. նախաձեռությունը Փախստականների հարցերով էստոնական խորհրդի հայաստանյան մասնաճյուղինն է: Ծրագրի իրականացման նախադրյալը բնակավայրերում ջրային պաշարների սղությունն է:
Իրականացվող ծրագիրը նպատակ ունի ձևավորել պատասխանատու բնապահպանական վարքագիծ Տավուշի մարզի 400 աշակերտների շրջանում և միաժամանակ նպաստել սննդի անվտանգության և կայուն տեղական էկոհամակարգի կայացմանը։ Ջերմոցների կառույցմամբ ու շահագործմամբ աշխատանքները չեն ավարտվի: Դպրոցներում 7-9-րդ դասարանցիների համար կանցկացվեն կանոնավոր դասընթացներ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման, ու ընդհանրապես՝ բնության հետ հաշտ ապրելու սկզբունքների վերաբերյալ։
Ջերմոցների մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչները: Այսպես Տավուշի 3 գյուղերում դպրոցներին կից կառուցված ջերմոցներն արդեն պատրաստ են. դրանք նախ և առաջ բաց դասարաններ են, որտեղ երեխաներն ավելի մոտ կլինեն բնությանն ու էկոլոգիական կյանքին:
Կարդացեք նաև՝






