Օգոստոսի 16-ին Բերդի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նախկին Շամշադինի շրջանի ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար, պետական և կուսակցական ականավոր գործիչ Արշալույս Փոլադյանի ծննդյան 110-ամյակին։ Հուշամիջոցառումն անցկացվեց Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Փոլադյանների ընտանիքի աջակցությամբ։
Միջոցառման բացումը կատարեց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ով իր խոսքում ընդգծեց.
«Մեր տարածաշրջանն ունեցել է վառ անհատներ, ովքեր դարձել են ժամանակի շարժիչ ուժը, ծաղկեցրել ու շենացրել հայրենիքն ու պետությունը՝ անուն ու ժառանգություն թողնելով մեզ և գալիք սերունդներին։ Այսօր պատիվ ունենք նշել մեր համայնքի արժանապատիվ զավակի՝ Արշալույս Փոլադյանի ծննդյան տարեդարձը։ Նա իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենի հողին ու ժողովրդին։ Նրա ղեկավարմամբ Շամշադինը ապրեց զարգացման ու վերելքի տարիներ։ Իսկ նրա ազնվությունն ու անձնուրաց ծառայությունը մնացին ժողովրդի մեջ որպես հավերժական արժեք»։
Միջոցառման ընթացքում Տերունական աղոթք հնչեցրեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը։ Այնուհետև ներկայացվեց Արշալույս Փոլադյանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագները։
Հանդես եկան «Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը, «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Հայոց պատմության հարցեր» հանդեսի գլխավոր խմբագիր Արտաշես Շահնազարյանը, ինչպես նաև Արշալույս Փոլադյանի ավագ որդի՝ ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Փոլադյանը, և թոռը՝ բժշկական գիտությունների թեկնածու, «Ավանտա» բժշկական կենտրոնի հիմնադիր Կարեն Գրիգորյանը։
Նրանք ընդգծեցին Փոլադյանի քաղաքական և կառավարչական գործունեության նշանակությունը, հիշեցին նրա սկզբունքայնության ու ազնվության մասին։
Միջոցառման մասին ավելին՝ դիտեք Տավուշյան ռեպորտաժում։






