Իջևանի համայնքապետարանը չորս տարի շարունակ աշխատել է Եվրոպական միության EU4Culture ծրագրի հետ, և հաջողությամբ հաղթել է ոչ մայրաքաղաք հանդիսացող քաղաքների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթում։ Այս հաղթանակը Իջևանի համայնքին ընձեռեց բացառիկ հնարավորություն մշակելու այնպիսի մշակութային ռազմավարություն, որի շուրջ համայնքը երկար ժամանակ էր սպասել։ 2022 թվականի ընթացքում շուրջ վեց ամիս համատեղ աշխատելով բնակչության շահակիր կողմերի հետ` EU4Culture ծրագրի ֆինասավորմամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ մշակվեց համայնքի մշակութային ռազմավարությունը, որի նպատակը շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով մշակութային ենթակառուցվածքների բարելավումն է, տնտեսական զարգացման հետ սերտորեն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանքի ապահովումը՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մշակութային զարգացման կարողությունների բարելավմանը և մշակութային հատվածի արդյունավետ կառավարմանը։ Հաղթելով Եվրոպական միության EU4Culture ծրագրի վերջին փուլում, Իջևան բազմաբնակավայր համայնքը ստացավ 300,000 եվրո դրամաշնորհ՝ իրականացնելու «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը, որը մշակութային ռազմավարության երկու տարվա բաղադրիչն է։ «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրն իրականացրել է Իջևանի համայնքապետարանը՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ գործընկերությամբ։
2023 թվականի մարտին պաշտոնապես մեկնարկեց «Մենք ենք, մեր սարերը»՝ համագործակցային, մշակութահեն ստեղծարար տնտեսության խթանում Իջևանում ծրագիրը։ Պաշտոնական մեկնարկի արարողության ընթացքում Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանը ներկայացրեց ծրագրային գործողությունները ու անելիքները։ «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի առանցքային մոտեցումներից էր մշակույթի ապակենտրոնացված զարգացումը։ Այն իր մեջ երեք բաղադրիչ էր ներառում։
Առաջին բաղադրիչը նախատեսում էր բարելավել մշակույթի ոլորտի կառավարումը՝ մեծացնելով Իջևանի մշակութային ժառանգության տեսանելիությունը և ճանաչելիությունը։ Երկրորդ բաղադրիչի շրջանակում ակտիվացնել մշակութային և տնտեսական կյանքը՝ տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Երրորդ բաղադրիչի շրջանակում խթանել համագործակցային, մշակութահեն տնտեսական զարգացումը՝ ամենամյա փառատոների կազմակերպմամբ։ Մշակութային ռազմավարության մշակումը նաև օրինակ հանդիսացավ Հայաստանի այլ քաղաքների համար։
«Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում Իջևանի համայնքապետարանը գործընկերային կապեր է հաստատել հանրապետության այլ համայնքների հետ՝ հանդես գալով համատեղ աշխատանքներով։ Համատեղ միջոցառումներ են անցկացվել Վանաձոր համայնքի «Հորովել» երգի-պարի համույթի, Իջևանի ժողգործիքների համույթի ու By The Way բենդի մասնակցությամբ, Վանաձորի մանկավարժական համալսարանի «Բիայնա» երգչախմբի ու Իջևանի երգչախմբի մասնակցությամբ։ Վանաձոր համայնքի կամերային նվագախումբը, Իջևանի Արվեստի դպրոցի սաները և Իջևանի երաժշտական դպրոցի երգչախումբը հեռավար փորձերից հետո «Վերնատուն» պատկերասրահում հանդես եկան համատեղ համերգային ծրագրով։
Իջևան համայնքի երաժշտական ու արվեստի դպրոցներում նախաձեռնվել են վարպետաց դասեր՝ դասական երաժշտության ու արվեստի վառ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աչաջուր բնակավայրում Վանաձորի թատերախմբի բեմադրած «Թումանյանական հեքիաթներ» երաժշտական ներկայացումը ևս մի օրինակ է մշակութային փոխգործակցության։ Իսկ Իջևան խոշորացված համայնքի և Դիլիջանի Արվեստի դպրոցի պարային համույթների համատեղ ելույթները եզակի հնարավորություն ընձեռեցին տարբեր համայնքների արվեստագետներին հանդես գալ նույն բեմում։ Իջևանի ժողգործիքների համույթը համերգային ծրագրերով հանդես է եկել Նոյեմբերյան, Դիլիջան, Ապարան համայնքներում։ Իջևանի կրթամշակութային կառույցներն այս ընթացքում նաև մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում անցկացվող մշակութային միջոցառումներին, մասնավորապես՝ Ապարանում, Դիլիջանում, Կողբում, Նոյեմբերյանում, Երևանում և այլուր, դրանով իսկ խթանելով հանրապետության տարբեր տարածաշրջանների մշակութային կյանքում ներգրավածությունն ու փոխգործակցությունը։
«Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակում Իջևանի համայնքի համար մշակվել է GIS (Տարածական տեղեկատվական համակարգ)։ Այս համակարգը հզոր գործիք է, որը հնարավորություն է տալիս հավաքել, վերլուծել և պատկերել տարածքային տվյալները՝ նպաստելով տարբեր ոլորտներում տարածքային վերլուծության ու օգտագործման գործընթացներին։ GIS-ի ներդրման շնորհիվ համայնքի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հավաքագրվել և արտացոլվել է մեկ հարթակում՝ ստեղծելով մի ամբողջական, հեշտ օգտագործվող տեղեկատվական հարթակ։ Համակարգում քարտեզագրվել են համայնքի շուրջ 80 նյութական ժառանգության օբյեկտներ, որոնք տեղադրվել են նաև Google Map հավելվածում՝ նկարներով և համապատասխան նկարագրություններով՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Այս նորամուծությունը ապահովեց զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք՝ տեղադրման օրվանից հետո 1 ամսվա ընթացքում հավելվածն ունեցել է 50,000 այցելու։ GIS քարտեզը դարձել է համայնքային աշխատանքային ներքին գործիք՝ ապահովելով մշակութային ժառանգության կառավարման համակարգված մոտեցում։ Այն հեշտացնում է համայնքային կառույցների աշխատանքը՝ հատկապես մշակութային, տուրիստական և կրթական ոլորտներում։ Մշակվել է նաև Իջևան համայնքի պաշտոնական կայքի տուրիզմի բաժինը, որտեղ տեղադրված են քարտեզագրված օբյեկտները՝ դարձնելով համայնքի մշակութային հարստությունը հասանելի և տեսանելի թե՛ բնակիչներին, թե՛ միջազգային հանրությանը։ GIS համակարգի ներդրումը ոչ միայն Իջևան համայնքի մշակութային ժառանգության պահպանմանն է ուղղված, այլև ունի տնտեսական զարգացման և համայնքային ակտիվության խթանման նպատակ, հատկապես զբոսաշրջության և մշակութային նախագծերի իրականացման գործում։
«Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակում Իջևանի համայնքի մի շարք պատմամշակութային վայրերում տեղադրվել են երկլեզու տեղեկատվական ցուցանակներ, մասնավորապես՝ Մակարավանք վանական համալիրի, Աճարկուտի Սուրբ Աստվածածին վանքի, Մորո Ձորո վանքի ու Խաշթառակի «Դատի քարի» տարածքներում։ Ցուցանակները ներկայացված են հայերեն և անգլերեն լեզուներով՝ ապահովելով հասանելիություն և տեղացիների, և օտարերկրյա այցելուների համար։ Բացի այդ, տեղեկատվական ցուցանակների վրա տեղադրվել են QR կոդեր, որոնք սկանավորելու միջոցով այցելուները կարող են մուտք գործել՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար։ Այս թվային լուծումը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալ տվյալ վայրի պատմությանը, նշանակությանը և իմանալ հետաքրքիր փաստեր, որոնք կապակցվում են համայնքի մշակութային ժառանգության հետ։
Ծրագրի շրջանակներում արդեն երկու տարի անընդմեջ Վարդավառին ընթառաջ կազմակերպվում է «Մենք ենք մեր սարերը» փառատոնը։ Այն աննախադեպ է իր ձևաչափով, քանի որ կազմակերպվում է համայնքի տարբեր բնակավայրերում և ընդգրկում է ողջ բազմաբնակավայր համայնքի մշակութային ներուժը։
2023 թվականին՝ հուլիսի 20-ին Իջևան համայնքում մեկնարկեց «Մենք ենք, մեր սարերը․ հունձից-վարդավառ» խորագրով մշակութային առաջին փառատոնը։ Երեք օր շարունակ Իջևան համայնքի բնակիչները ու համայնքի հյուրերը ապրում էին մշակութային հագեցած կյանքով: Իջևան, Խաշթառակ, Աչաջուր և Բերքաբեր բնակավայրերում թևածում էր երգ-երաժշտությունը`ուղեկցվելով բազմաթիվ միջոցառումներով, ցուցահանդեսներով, ավանդական մրցույթներով, խաղերով։ Առաջին օրը վաղ առավոտից Իջևանի Շատրվանների հրապարակում ազդարարվեց փառատոնի մեկնարկը․ Իջևան համայնքի բոլոր գյուղական բնակավայրերը, տեղացի արտադրողները, արվեստի և արհեստի ներկայացուցիչները իրենց արտադրանքը 3 օր շարունակ ցուցահանդես-վաճառքի միջոցով ներկայացրին հանրությանը։ Փառատոնի մասնակիցները «Վերնատուն» պատկերասրահում դիտեցին Իջևանի գեղանկարիչների ու ձեռարվեստի վարպետների աշխատանքները։ Համայնքի 19 բնակավայրերի պատանի-երիտասարդները նաև մասնակից եղան «Մեր Իջևան» կտավի ստեղծմանը։ Քաղաքային զբոսայգում պատանիների համար նախատեսված էր նաև տավուշյան ավանդական խաղերը։ Կեսօրից մինչ երեկո Իջևան համայնքի երաժշտական ու պարային խմբերը, նաև հանրապետության այլ համայնքներից Իջևանին ողջունելու եկած խմբերը և անհատ կատարողները հանդես եկան երաժշտական գեղեցիկ կատարումներով։ Օրվա երկրորդ կեսին մասնակիցները ուղևորվեցին «Հայկական Հոլիվուդ»՝ Խաշթառակ գյուղ, որտեղ ներկա գտնվեցին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հիման վրա գրական գեղարվեստական-թատերական բեմականացմանը, որից հետո անցկացվեց ֆիլմի դրվագներով հնձվորների մրցույթը։
Հռչակավոր Մակարավանքում շարունակվեց փառատոնի 2-րդ օրը, որը դարձյալ հագեցած էր մշակութային բազմաբնույթ ծրագրերով։ Բացի երաժշտական ու պարային կատարումները, փառատոնի մասնակիցները նաև մասնակցեցին երեկոյան ժամերգության, որից հետ վայելեցին Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթը՝ հոգևոր ծրագրով։ «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը եզրափակվեց Բերքաբեր գյուղում։ Գյուղի ֆուտբոլի դաշտը վերածվել էր մշակութային ընդգրկուն գոտիների։ Իջևանի արտադրողների աշխատանքների ցուցահանդեսին զուգահեռ ողջ օրն ուղեկցվեց ազգային ու հայկական երգուպարով։ Բերքաբերում կայացավ «Իմ բարբառը» խորագրով մրցույթը, որից հետո «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը՝ հայկական ծեսերի, արարողությունների ու վարդավառյան խաղերի ցուցադրությամբ՝ազդարարեց ջրոցու մեկնարկը։ «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի բացօթյա ցուցադրությամբ ավարտվեց առաջին համաիջևանյան, մշակութային փառատոնը։
2024 թվականին արդեն 2-րդ անգամ «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը կրկին Իջևանում էր։ Փառառոնի երկու օրերին՝ հուլիսի 20-ին ու 21-ին Իջևան համայնքի բոլոր բնակավայրերը, տեղացի արտադրողները, արվեստի և արհեստի ներկայացուցիչները իրենց արտադրանքը ցուցահանդես-վաճառքի միջոցով ներկայացրին հանրությանը։ Ավանդական խաղերը, երգն ու պարը, ազգային շունչը փառատոնի ընթացքում հասան նաև գյուղական բնակավայրեր․ առաջին օրը՝ Լուսահովիտում․ հնձվորների մրցույթից մինչ տավուշյան խոհանոցից վարդավառյան հյուրասիրություն։ Փառատոնի երկրորդ օրը հագեցած օրակարգով անցկացվեց Սևքար գյուղում։ Բարբառների մրցույթ, համերգային ծրագրեր, ավանդական ծիսակատարություններ: Ավանդույթի ուժով «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը՝ մշակույթի վերարժևորման, պահպանման ու փոխանցման խոստումով հանրությանը կհամախմբի մշակույթի շուրջ յուրաքանչյուր տարի։
Իջևան համայնքի բիզնես, քաղհասարակության, մշակույթի ոլորտի ավելի քան 90 ներկայացուցիչների համար 2023 և 2024 թվականներին կազմակերպվել են կարողությունների զարգացման դասընթացներ։ Մեկ հարկի տակ հավաքելով Իջևան համայնքի ակտիվ, եռանդուն ու նախաձեռնող բնակիչներին՝ ֆորումները նպաստեցին տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով համայնքի մշակութային կյանքի զարգացմանը։ Ֆորումի մասնակիցները ստացել են խորացված ուսուցում՝ անհրաժեշտ ու արժեքավոր գիտելիքներ՝ ստեղծագործական արդյունաբերության, մշակույթ-բիզնես ոլորտների փոխհարաբերության, սոցիալական գործընկերության, պետություն-մասնավոր համագործակցության ու ծրագրերի նախագծման և կառավարման թեմաների վերաբերյալ։
«Գաղափարախաղ-գաղափարաքաղ» առաջին ու երկրորդ ֆորումների ավարտին ընտրված լավագույն ծրագրերը ֆինասավորվեցին ու 16 հաղթող թիմերի մասնակիցներին տրվեց հնարավորություն՝ իրենց բնակավայրերում իրականացնելու իրենց մշակած սոցիալ-նորարարական, համայնքային, մշակութահեն ծրագրերը։ Ֆորումները դարձան կարևոր հարթակ ոչ միայն նոր գիտելիքներ ստանալու, այլև համայնքի ներսում նոր կապեր ստեղծելու, համագործակցային մշակույթ ձևավորելու և միասին գործելու համար՝ հանուն Իջևանի համայնքի մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացման։
Ծրագրի շրջանակում Իջևան համայնքը զգալիորեն բարելավեց իր ենթակառուցվածքները՝ վերազինվելով ժամանակակից տեխնիկայով, որոնց շնորհիվ Իջևան բազմաբնակավայր համայնքում ավելի բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվում։ Ձեռք է բերվել միջոցառումների անցկացման համար նախատեսված շարժական բեմ, ձայնային համակարգեր ու այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք ապահովում են միջոցառումների որակն ու գրավչությունը։ Դրանք թույլ են տալիս կազմակերպել ավելի բազմաբովանդակ ու մասշտաբային միջոցառումներ, ինչպես քաղաքային պայմաններում, այնպես էլ համայնքի գյուղական բնակավայրերում՝ ընդգրկելով համայնքի մշակութային ներուժը։ Ձեռքբերված տեխնիկայի շնորհիվ արդեն իսկ անցկացվել են մեծամասշտաբ համերգներ, փառատոներ, համայնքային ու հանրային բազմաբնույթ միջոցառումներ։
«Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակում իրականացված բոլոր գործողությունները լայնորեն լուսաբանվել են ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական լրատվամիջոցների կողմից։ «Տավուշ» հեռուստաընկերությունը, Հանրային հեռուստաընկերությունը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը և «Առավոտ» օրաթերթը ակտիվորեն ներկայացրել են ծրագրի հիմնական իրադարձություններն ու ձեռքբերումները՝ բարձրացնելով նախագծի հանրային տեսանելիությունը։
Ծրագրի վերջում իրականացվել է բրենդինգ՝ մշակվել փառատոնի հատուկ տարբերանշանը, որը արդեն դարձել է Իջևան համայնքի մշակութային ծրագրերի միասնական խորհրդանիշը։
Ծրագրի ավարտին տեղի ունեցավ մեծ ավարտական համաժողով, որի ընթացքում ամփոփվեցին ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված բոլոր կարևոր գործողությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Իջևան համայնքի մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Համաժողովի մեկնարկին EU4Culture ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Մարինե Կարոյանը ներկայացրեց ծրագրի աննախադեպ հաջողություններն ու արձանագրված արդյունքները։ Նա ընդգծեց, թե ինչպես է EU4Culture ծրագիրը նպաստել ոչ միայն Իջևան համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, այլև՝ Հայաստանում մշակութային զարգացման նոր ուղիների ձևավորմանը։ Միջոցառումը ընթացավ ու եզրափակվեց մասնակցային քննարկումներով, որոնց ընթացքում խոսվեց ծրագրի շարունակականության հնարավորությունների, մշակութային և սոցիալական նոր նախաձեռնությունների մասին, որոնք կարող են աջակցել Իջևանի համայնքի հետագա զարգացմանը։
«Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը և դրա շրջանակում իրականացված նախաձեռնությունները դարձան յուրահատուկ էջ Իջևան համայնքի պատմության մեջ՝ հիմնովին վերափոխելով համայնքի մշակութային կյանքի ընթացքը։ Եվրոպական միության EU4Culture ծրագրի շրջանակում ձեռք բերված հաղթանակը ոչ միայն կարևոր մշակութային ծրագրերի իրականացման հնարավորություն տվեց, այլև նոր հեռանկարներ բացեց համայնքի տնտեսական և սոցիալական զարգացման համար։ Այս ծրագրի շնորհիվ Իջևան համայնքը կարողացավ վերաիմաստավորել իր մշակութային ժառանգությունը, ակտիվացնել հանրային կյանքը, ստեղծել համագործակցային մշակույթ, որը կարող է շարունակական ազդեցություն ունենալ նաև ապագայում։ «Մենք ենք, մեր սարերը» նախաձեռնության արդյունքում համայնքի բնակիչներն ու մշակութային գործիչները ձեռք բերեցին նոր հմտություններ և փորձառություն՝ միասին ճանապարհ հարթելով դեպի նորարարական, մշակութային հարուստ ու կենսունակ ապագա։