Հոկտեմբերի 22-ին Տավուշ հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացվեց Իջևան համայնքի ավագանու ընտրություններին ընդառաջ նախընտրական հեռուստաբանավեճ-քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի զարգացման առաջնահերթություններին, առկա խնդիրներին ու առաջիկա հինգ տարիների զարգացման հնարավորություններին։
Տաղավարում մեր հյուրերն էին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության՝ Իջևանի համայնքի ավագանու անդամի թեկնածուներ Լևոն Մարկոսյանն ու Մելինե Պողոսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Իջևանի համայնքի ավագանու անդամի թեկնածուներ Արամ Սիմոնյանն ու Աննա Վիրաբյանը։
Քննարկման ընթացքում մասնակիցներին ուղղվեցին հարցեր համայնքային բյուջեի արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղական բնակավայրերի համաչափ զարգացման, տնտեսական ակտիվության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման և զբոսաշրջության զարգացման վերաբերյալ։
Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդների զբաղվածության, սպորտի ու մշակույթի զարգացման, համայնքային կառավարման թափանցիկության, բնակիչների մասնակցության և քաղաքական պատասխանատվության հարցերին։
Թեկնածուները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց մոտեցումներն ու առաջարկները, պատասխանելու բնակիչների հարցերին, որոնք Տավուշ Մեդիան նախապես էր հավաքագրել։ Ավագանու անդամի թեկնածուները նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու միմյանց։
Կարևոր թեմաներից էր նաև ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը, քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և ընտրական մրցակցության հավասար պայմանների ապահովումը։
Հեռուստաբանավեճ-քննարկմանա նպատակն էր ընտրողներին հնարավորություն տալ ծանոթանալու քաղաքական ուժերի առաջարկներին, համեմատելու նրանց մոտեցումները և ավելի տեղեկացված որոշում կայացնելու համայնքի ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իջևան համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին։




