Իջևան քաղաքում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը՝ բողոքելով աշխատանքային պայմաններից: Ստեղծված իրավիճակը լուսաբանելու նպատակով օգոստոսի 7-ին մենք այցելեցինք արտադրամաս՝ տեղում զրուցելու կողմերի հետ, ներկայացնելու նրանց խնդիրներն ու խնդրի լուծման նրանց պատկերացումները։ Սակայն հնդիկ աշխատակիցները չցանկացան խոսել և մեզ հաջողվեց զրուցել միայն կողմերից մեկի՝ տնօրենի հետ:
Նույն օրը Հնդկաստանի քաղաքացիների հետ կապ հաստատելու մեր բազմակի փորձերից հետո նրանք հայտնեցին, որ չեն ցանկանում խոսել և պատրաստ կլինեն զրուցել հաջորդ օրը: Օգոստոսի 8-ին հնդիկ աշխատողները փակ դարպասների հետևից մերժեցին իրենց խնդիրները հրապարակայնացնելու մեր առաջարկը։ Օգոստոսի 9-ին տեսանյութ տարածվեց, որտեղ Հնդկաստանի քաղաքացիները հայտնում են, որ շարունակում են գործադուլն ու պահանջում երեք ամսվա աշխատավարձը: Ստեղծված իրավիճակում Իջևան ժամանեց Հայաստանում Հնդկաստանի հյուպատոսարանի ներկայացուցիչները: Ժամեր տևած քննարկումներից հետո դեսպանը հեռանում է չպատասխանելով հարցերին, իսկ տեղի ունեցած քննարկումների մասին դրական են արտահայտվում հնդիկ աշխատողները:
Ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը։
Հանրապետությունում օրեր շարունակ քննարկվող ու արծարծվող այս թեման կարծես ստացավ իր հանգուցալուծումը. Կան արդյոք աշխատանքային իրավունքների խախտումներ. հարցը կպարզաբանվի Աշխատանքի տեսչական մարմնի վարչական վարույթից հետո:





