Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը։
Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ օպերատիվ փրկարարական աշխատանքներն առավել արդյունավետ են երկրաշարժից հետո առաջին շաբաթվա ընթացքում, երբ ավելի հավանական է մարդկանց փրկության գաղափարը։
Մարդկանց փրկելը` աղետի գոտում գտնվող յուրաքանչյուր մարդու պարտքն է։
Օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար։
Իսկ եթե ինքներդ գտնվում եք փլատակում, խուճապի մի´ մատնվեք, այլ հանգիստ և սթափ գնահատեք իրավիճակը։
Չմտածված գործողություն-ները կարող են հանգեցնել նոր փլուզումների, եթե տարածությունը թույլ է տալիս` տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։
Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը, վիրակապ դրեք)։ Եթե ձեզ հետ փլատակում կան ուրիշ մարդիկ, հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։
Կապ հաստատեք (գոռացեք, հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ և ճիշտ ուղիներ որոնել` ձեզ և ուրիշներին փրկելու համար։ Հնարավորության դեպքում փրկարարներին զգուշացրեք ձեզ սպառնացող վտանգի մասին։
Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն, խուճապի մի´ մատնվեք, խնայեք ձեր ուժերը, ավելորդ շարժումներ մի´ արեք։
Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ և հեղուկ` խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։ Մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի, իսկ առանց հեղուկի` 7 օր։
Եթե հեղուկ չունեք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է, ձեր հագուստից կտրեք մի կտոր և դրա միջով խմեք։ Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։
Եթե մնացել եք փլատակում և հաստատ համոզված եք, որ կարող եք այնտեղից դուրս գալ, գործեք հետևյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք` խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները. դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ, ձողափայտեր, մետաղյա առարկաներ)։ Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։
Ավերիչ երկրաշարժերից հետո, առաջին օրերին կիսաքանդ և ավերված շենքում չի կարելի մնալ։ Պետք է իմանալ, որ երկրաշարժն ուղեկցվում է հետցնցումներով, որոնք ցանկացած պահի կարող են շենքը հիմնովին քանդել:
Եթե երկրաշարժից հետո որոշել եք ապրել ձեր տանը, ապա.
- ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրա- կացությունից հետո.
- ստուգեք` վնասված չե՞ն արդյոք էլեկտրահաղորդալարերը, չկա՞ արդյոք գազի արտահոսք,
- ստուգեք, վնասված չե՞ն արդյոք վառարաններն ու ծխնելույզները, կրակ մի´ վառեք մինչև ավերածությունների լիակատար վերացումը.
- ստուգե´ք, կոյուղին գործո՞ւմ է, թե՞ ոչ.
- ուշադիր զննեք բնակարանը. արդոք չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ (քիմռեակտիվներ, բենզին, նավթ).
- զգուշորեն բացեք պահարանների և խորդանոցների դռները, որպեսզի ծանր առարկաներ չընկնեն ձեզ վրա.
Հետևեք` արդյոք հետցնցումներից պատերի վրա չե՞ն առաջացել նոր ճեղքեր։
Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում` շտապօգնություն, հրշեջ-փրկարար ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։ Հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։
Երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետևեք ռադիոյով և հեռուստացույցով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
Աղետի գոտում (հատկապես ամռանը) խիստ հավանական է դառնում համաճարակի սպառնալիքը։ Այդ իսկ պատճառով շտապ կազմակերպեք զոհվածների թաղումը։ Անհրաժեշտ է հորել նաև սատկած անասուններին։ Երբ մարդկանց մեծ մասն ապրում է առանց տարրական կենցաղային հարմարությունների, անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները։
Ուժեղ երկրաշարժերը միշտ էլ ուղեկցվում են զոհերով և ավերածություններով։ Թեև կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան, այնուամենայնիվ, վերոհիշյալ վարքականոնների ճիշտ կիրառումը կօգնի նվազեցնել ձեզ և ձեր շրջապատին սպառնացող վտանգը։