ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների քվեարկության օրը շարունակվում է Տավուշի մարզում։ Տավուշ Մեդիայի նկարահանող խումբն այցելել է Իջևան համայնքի Խաշթառակ, Աչաջուր և Ազատամուտ բնակավայրերի ընտրատեղամասեր՝ տեղում հետևելու ընտրական գործընթացին։
Այցելած բոլոր տեղամասերում քվեարկությունն ընթանում էր կազմակերպված և հանգիստ պայմաններում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների փոխանցմամբ՝ ընտրական գործընթացի ընթացքում որևէ արտառոց դեպք, միջադեպ կամ խախտում չի արձանագրվել։ Քաղաքացիները շարունակում են մասնակցել քվեարկությանը՝ կատարելով իրենց ընտրությունը։
Ժամը 17:00-ի դրությամբ Տավուշի մարզում արդեն քվեարկել է 55 հազար 096 ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 53,27 տոկոսը։
Իջևան համայնքի Խաշթառակ, Աչաջուր և Ազատամուտ բնակավայրերի ընտրատեղամասերում ևս ընտրողների հոսքը պահպանվում է, իսկ ընտրական գործընթացը շարունակվում է օրենքով սահմանված կարգով։ Ընտրական օրվա ավարտին կամփոփվեն նաև մասնակցության վերջնական տվյալներն ու քվեարկության արդյունքները։





