Հայաստանում 18-րդ անգամ մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը։
Հուլիսի 29-ին Տավուշի թեմի առաջնորդարանում Իջևան համայնքի բնակավայրերի երեխաները, պատանիները, ծնողները հնարավորություն ունեցան դիտել միջազգային մրցանակների դափնեկիր ֆիլմարտադրողների ֆիլմեր։
Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Մերի Գևորգյանի խոսքերով՝ «Իջևանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ է մասնակցել դիտումներին, հատկապես՝ ամառային, արձակուրդային այս շրջանում։ Փառատոնի շրջանակներում ընդգրկված կինոշարքը մեծ հնարավորություն էր ընտանիքով գեղեցիկ ժամանակ անցկացնելու համար»։
Կինոփառատոնի շրջանակում Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաները և պատանիներն ակտիվորեն ներգրավվեցին և մասնակից եղան նախատեսված ծրագրին։
«Մեզ համար շատ կարևոր է, որ երեխաները ֆիլմերի և անիմացիայի միջոցով կարողանում են նոր աշխարհներ ճանաչել։ Դա այլոց մշակույթն է, սեփական մշակույթն է և այն ամենը, ինչ որ այսօր իրենց հետաքրքրելու է։ Եթե երեխաները մանկուց կարողանում են հետաքրքիր սյուժեներով ապրել այն, ինչ կոչվում է և ինչ որ իրենց համար լինելու է կյանքը, նրանք արդեն պատրաստ են լինելու․․․»․ նշում է Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը։
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում այս տարի ցուցադրվել է 75 ֆիլմ՝ 28 երկրներից։
Փառատոնի նպատակն է երեխաների, պատանիների և երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ ստեղծել նպաստավոր պայմաններ՝ օգտագործելով այն որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ։