Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Տավուշի մարզի չորս հիմնական դպրոց միավորել երկու ուսումնական հաստատության մեջ։ Իջևան համայնքի Կիրանցի և Աճարկուտի դպրոցների միավորման արդյունքում կստեղծվի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց, իսկ Լուսաձորի և Ակնաղբյուրի դպրոցների միավորմամբ՝ Լուսաձորի կրթահամալիր։ Որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։
Նախարարության հիմնավորմամբ՝ դպրոցների միավորման նպատակն աշակերտների համար ավելի որակյալ կրթական միջավայր ստեղծելն է, ուսուցիչների աշխատանքը կազմակերպելն ու դպրոցական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելը։
Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցում սովորում է 40 աշակերտ, Աճարկուտի հիմնական դպրոցում՝ 10։ Դպրոցների միջև հեռավորությունը 2.7 կմ է, իսկ տրանսպորտով ճանապարհը տևում է մոտ 5 րոպե։
Լուսաձորի հիմնական դպրոցում սովորում է 63 աշակերտ, Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի հիմնական դպրոցում՝ 35։ Այս երկու դպրոցների միջև հեռավորությունը 5 կմ է, տրանսպորտով ճանապարհը՝ մոտ 9 րոպե։
Նախարարությունից նշում է, որ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում հաճախ դժվար է ձևավորել լիարժեք դասարաններ, ապահովել երեխաների շփումն ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը։ Նման դպրոցներում նաև դժվարություններ կան ուսուցիչների կայուն կազմ ձևավորելու և ժամանակակից կրթական միջոցները հասանելի դարձնելու հարցում։
Դպրոցների միավորմամբ նախարարությունը նախատեսում է ուսուցիչների ներուժը կենտրոնացնել ավելի մեծ հաստատություններում, ապահովել նրանց աշխատանքի ավելի կայուն պայմաններ և ընդլայնել լաբորատորիաների, համակարգիչների, գրադարանների ու մարզական ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունները։
Հիմնավորման համաձայն՝ PISA 2025-ի տվյալներով՝ Հայաստանում սովորողների 39%-ի ուսումնառությունը խոչընդոտվում է դպրոցների շենքային պայմանների, իսկ 56%-ինը՝ թվային ռեսուրսների անբավարարության պատճառով։ Նախարարությունը կարծում է, որ ժամանակակից սարքավորումների և կրթական ենթակառուցվածքների կենտրոնացումը խոշորացված դպրոցներում թույլ կտա դրանք հասանելի դարձնել ավելի մեծ թվով աշակերտների։
Նախագծում անդրադարձ կա նաև աշակերտների տեղափոխման հարցին։ Նախարարության հավաստմամբ՝ տեղափոխումը կազմակերպվելու է կանոնավոր, անվճար և անվտանգ եղանակով՝ սահմանված չվացուցակով և ուղեկցողի մասնակցությամբ։ Նախարարությունը շեշտում է, որ դպրոցների միավորումը չի նշանակում կրթության հասանելիությունից զրկել փոքր բնակավայրերի երեխաներին։ Նպատակն է նրանց համար ևս ապահովել այնպիսի կրթական պայմաններ, որոնք թույլ կտան զարգացնել գիտելիքներն ու սոցիալական հմտությունները։
Նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։




