Գրեթե բոլորին ծանոթ իրադրություն է, երբ երեքայմա փոքրիկն ուզում է այս կամ այն խաղալիքը, քաղցրավենիքը, մի խոսքով ինչ-որ բան եւ անպայման հենց այդ պահին։ Նրա ճիչը լսվում է նույնիսկ հարեւան թաղամասում եւ աստիճանաբար տարածվում է ավելի հեռու` վերաճելով հիստերիայի։
Եթե ձեր երեխան վարքագծի հետ կապված խնդիրներ ունի, ուրեմն անհրաժեշտ է վերանայել մանկան պահանջների նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքը։ Ֆիլադելֆիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, հոգեթերապեւտ Լոուրենս Սթեյնբերգն առաջարկում է երեխայի վարքագծի շտկման նոր մեխանիզմ, որը հիմնված է շուրջ յոթ տասնամյակների ընթացքում նրա կատարած հետազոտությունների վրա։ Նրա խորհուրդների օգնությամբ կարելի է խուսափել մանկան վարքագծի հետ կապված բազմաթիվ խնդիրներից։ Վերջիվերջո, երեխաների հետ խոսելու ընթացքում ո՞րն է ձեր նպատակը։ Ցույց տալ, որ այստեղ գլխավորը դու՞ք եք։ Վախ ներշնչե՞լ, թե՞ փորձել օգնել երեխային, որ մեծանալով դառնա խելահաս, իր ուժերի վրա վստահ եւ բարոյական անձնավորություն։
Փոքրիկի դաստիարակության համար կարեւոր են այնպիսի պայմաններ, ինչպիսիք են կարեկցանքը, փոխադարձ ազնվությունը, սեփական ուժերի հանդեպ վստահության ներշնչումը, ինքնատիրապետումը, բարությունը, համագործակցությունն ու հումորը, – պնդում է Լ. Սթեյնբերգը։ Դրանք զարգացնում են մտավոր հետաքրքրքասիրությունը եւ դրական նպատակներին հասնելու ձգտումը։ Դա պաշտպանում է երեխաներին անհանգստությունից, դեպրեսիաներից, վարքի հետ կապված խնդիրներից, սննդային խանգարումներից, ինչպես նաեւ թմրանյութեր եւ ալկոհոլ կիրառելուց։
Չափազանց շատ ծնողներ իրենց գործողությունների հիմքում դնում են հույզերն ու ծնողական բնազդը։ Երեխաների նկատմամբ ծնողների վերաբերմունքը կարող է արտահայտվել հենց փոքրիկի մեջ` ներառյալ նրա պահվածքը։ Եթե ծնողները երեխայի հետ լավ հարաբերություններ չունեն, ապա նա չի լսի նրանց։ Պատկերացրեք, որ խոսում եք ոչ թե փոքր երեխայի, այլ` մեկ այլ մեծահասակի հետ։ Չէ՞ որ մենք անտեսում ենք նրանց խոսքերը, ում չենք սիրում եւ ում հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենք։
Ահա Լ. Սթեյնբերգի առաջարկած գերազանց դաստիարակության տասը կանոնները։
Այն, որը ոչ թե անում եք, այլ` ենթադրում
Սրանց մեջ շատ մեծ տարբերություն կա։ Երեխաները հետեւում են ձեզ, փորձում հասկանալ, թե ինչ եք ուզում, սակայն դուք չեք կարողանում ճիշտ օգտագործել պահը եւ ազդեցիկ լինել։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք մտադիր անել, եւ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր արդյունքը։
Չի կարելի լիել չափազանց սիրող ծնող
Հոգեբանի կարծիքով երեխային հնարավոր չէ փոխել դաստիարակել չափազանց շատ սիրելով։ Մեր խոհերը հաճախ զայրույթի կամ այլ զգացմունքների հետեւանք են, երբեմն էլ սերը խորհրդանշող զանազան առարկաների ու նվերների արդյունք։
Ներգրավվեք երեխայի կյանքի մեջ
Սա շատ բարդ ու մեծ համբերություն պահանջող գործընթաց է, որի ընթացքում ծնողները հաճախ ստիպված են լինում վերադասավորել իրենց առաջնահերթություններն ու գնալ զոհողությունների` իրենց փոքրիկի հետ ոչ միայն հոգեպես, այլեւ` ֆիզիկապես մոտ լինելու համար։ Սակայն սա ամենեւին էլ չի նշանակում, որ ծնողներն իրենք պետք է երեխայի փոխարեն անեն տնային աշխատանքները, նրա փոխարեն դաս սովորեն կամ փորձեն ուղղել վատ գնահատականը։ Դպրոցում տված հանձնարարությունների հիմնական նպատակն է ստուգել, թե ինչպես է երեխան յուրացրել մատուցված նյութը, եւ, նրա փոխարեն կատարելով տնային աշխատանքը, ծնողներն ուսուցչին գցում են թյուրիմացության մեջ` թույլ չտալով պարզել փոքրիկի ունակություններն ու մշակել նրա հետ աշխատելու հետագա ձեւը։
Դաստիարակության մեթոդները հարմարեցրեք երեխայի տարիքին
Երեխան մեծանում է։ Ուշադիր եղեք, թե ինչպես են տվյալ տարիքի պահանջներն ներգործում նրա վարքագծի վրա։ Միեւնույն վեճի ժամանակ տասը եւ չորս տարեկան երեխաներն իրենց բոլորովին տարբեր ձեւով են պահում։
Անհատի անկախության ձեւավորման համար անհրաժեշտ հենց այն նույն շարժիչ ուժը, որը երեխային ստիպում է ծնողներին պատասխանել “Ոչ”, հիմնավորում է այն, որ փոքրիկը ցանկանում է ինքնուրույն մտածել ու գործել։ Մտավոր ունակությունների զարգացումը նրան դարձնում է հետաքրքրասեր եւ համառ, եւ այս պարագայում ծնողները պետք է լավ ծանրութեթեւ անեն իրենց յուրաքանչյուր քայլ եւ խոսք, որպեսզի նրա մեջ չկոտրեն ինքնուրույն լինելու ունակությունը։
Սահմանել եւ խստորեն պահպանել կանոնները
Եթե դուք չեք կառավարում ձեր փոքրիկի վարքագիծը քանի դեռ նա փոքր է, ապա հետագայում նա կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել, երբ մեծանա եւ ինքնուրույն չկարողանա կառավարել իր գործողությունները։ Օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի դուք պետք է իմանաք հետեւյալ հարցերի պատասխանները` “Որտե՞ղ է իմ երեխան”, “Ո՞վ է հիմա նրա հետ” եւ “Ի՞նչ է անում նա հիմա”։ Ծնողներից փոխառնված կանոնները հետագայում կօգնեն նրան ձեւավորել իր սեփականը։ Սակայն հնարավոր չէ եւ պետք չէ անընդհատ կառավարել նրան։ Թույլ տվեք երեխային ինքնուրույն ընտրություն կատարել եւ միայնակ գլուխ հանել, օրինակ, դպրոցում տված հանձնարարություններից կամ առաջացած խնդիրներից։
Նպաստեք երեխայի անկախությանը
Երեխաների ինքնավարության ձգտումը նորմալ երեւույթ է, քանի որ դա մարդկային բնավորության մի մասն է, որի շնորհիվ մարդը զգում է թե՛ ինքնակառավարումը, թե՛ այլ անձի կողմից կառավարվելը։ Շատ ծնողներ սխալմամբ երեխայի անկախության ձգտումը շփոթում են անհնազանդության հետ եւ փորձում կոտրել այդ հատկության զարգացումը։ Մինչդեռ երեխայի ինքնուրույնությունը պետք է խրախուսել։
Եղեք հետեւողական
Եթե ծնողների սահմանած կանոններն անընդհատ փոխվում են, եւ նրանք իրենք էլ խստորեն դրանք չեն պահպանում, ապա երեխայի սխալները համարվում են ծնողներինը։ Կարգապահության ամենակարեւոր պայմանը հետեւողականությունն է։ Հակառակ դեպքում երեխաները շփոթության մեջ են ընկնում։ Ծնողական իշխանությունը պետք է հիմնվի խելամտության, այլ ոչ թե ուժի կամ հեղինակության վրա։ Այդ ժամանակ երեխան ծնողներին չի հակառակվի։
Խուսափեք չափազանց խիստ կարգապահությունից
Այն երեխաները, որոնց ծնողները դնում են խիստ շրջանակների մեջ, հաճախ են պատժում կամ նախատում, դառնում են ագրեսիվ եւ առավել հակված են հասակակիցների հետ տարբեր խնդիրներ ունենալուն։ Կարգապահության համար կարելի է, օրինակ, դնել ժամանակի սահմանափակումներ։
Եղեք մատչելի բացատրությունների մեջ
Լավ ծնողներն իրենց երեխայից որոշակի սպասելիքներ ունեն եւ ցանկանում են, որ նա անպայման համապատասխանի դրանց։ Ծնողները հաճախ չափազանց շատ բան են սպասում փոքրիկներից եւ այնքան էլ չեն վստահում դեռահասների ուժերին։ Հիշեք, որ այն, ինչ ձեզ համար ակնհայտ է, երեխաների համար կարող է բոլորովին անհասկանալի լինել, քանի որ նրանք առայժմ չունեն ձեր կյանքի փորձն ու դիտողականությունը։
Երեխայի հետ հարգալից վարվեք
Երեխայի հարգանքը վաստակելու լավագույն միջոցը նրա հետ նույն կերպ վարվելն է։ Նրա նկատմամբ անհրաժեշտ է նույնքան քաղաքավարի եւ ուշադիր լինել, որքան մյուսների։ Չէ՞ որ մեծահասակները հաճախ զգալի ջանքեր ու եռանդ են ծախսում հարազատների կամ գործընկերների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար եւ սխալմամբ կարծում, որ իրենց սեփական երեխաների հետ ամեն ինչ ինքնստինքյան կլինի։