«Անվտանգություն և առաջին օգնություն» խորագրով դասընթացը տեղի ունեցավ հունվարի 11-ին Տավուշ Մեդիայի ստուդիայում։ Այն միտված էր արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողների ու օպերատորների անվտանգային կարողությունների զարգացմանը։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին այն անվտագային կանոնները, որոնք պետք է հստակ իմանալ արտակարգ իրավիճակներում աշխատելիս, խոսվեց ճգնաժամային պայմաններում սթրեսի կառավարման մասին։ Դասընթացի երկրորդ հատվածում R5 Արտակագ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի աշխատակիցը ներկայացրեց առաջին օգնության սկզբունքները։ Մանրակրկիտ ներկայացվեցին ճգնաժամին նախապատրաստվելու առաջին անհրաժեշտության պարագաները՝ զուգահեռ իրականացնելով գործնական առաջադրանքներ։ Հանդիպումն ավարտվեց VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների կիրառման հմտությունների ուսումնասիրմամբ,այն է վիրտուալ իրականության միջոցով լրագրողների համար արտակարգ իրավիճակի ստեղծումը, որտեղ լրագրողն ունի մի քանի մարտահրավեր՝ կառավարել հույզերը, ճիշտ կողմնորոշվել, արագ և արդյունավետ արձագանքել, մատուցել առաջին բժշկական օգնություն։
«Անվտանգություն և առաջին օգնություն» խորագրով դասընթացը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որին մասնակցեցին «Գեղամա» մարզային հեռուստաընկերության և R5 Արտակագ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի ներկայացուցիչները։