«Մեդիա iգիտություն» ձեռնարկը դասավանդողների նոր օգնականն է։ Այն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիագրագիտություն» և «Մեդիագրագիտություն. հավելված» ձեռնարկների տրամաբանական շարունակությունն է և կոչված է օգնելու դասավանդողներին՝ մասնավորապես ուսուցիչներին, հասկանալ տեղեկատվական դաշտի նոր մարտահրավերները և մեդիագրագիտության նորահայտ հմտությունները տարածել սովորողների շրջանում։ Այս ձեռնարկը կազմված է երկու հիմնական մասերից։ Առաջին մասը պարունակում է 10 թեմատիկ բաժիններ, որոնք պատմում են մեդիայի ու հաղորդակցության պատմական զարգացման, աշխատանքի ձևերի ու կարգավորումների, սկզբունքների, ֆինանսների մասին, օգնում են ճանաչել մեդիա մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը, ավելի լավ հասկանալ թվային միջավայրը, սոցցանցերը, պաշտպանված լինել վտանգներից, բացահայտել մեդիայի ուժն ու կիրառել այն։ Այդ 10 բաժինները հեղինակել են մեդիա մասնագետներ, որոնք լավագույնս տիրապետում են իրենց ոլորտին։
Երկրորդ մասը կազմվել է մանկարավարժների և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի մասնագետների հետ համագործակցությամբ։ Այստեղ ներառված են ուղեցույցներ, հուշումներ դպրոցի ուսուցիչներին՝ թե ինչպես ինտեգրել մեդիագրագիտությունը դպրոցական կրթության մեջ՝ ըստ հանրակրթության նոր չափորոշչի, դրանում սահմանված թվային և մեդիա կարողունակության, նաև՝ առարկայական ծրագրերում նշված վերջնարդյունքների։
Այստեղ ներառված նյութերը, օրինակները, մոտեցումները հիմնականում նախատեսված են միջին և ավագ դասարանների համար, բայց կան նաև 9 տարրական դասարաններին հասցեագրված օգտակար հուշումներ։ Իհարկե, մեդիագրագիտության մասին խոսակցությունը կարևոր է սկսել վաղ տարիքից, մեդիա և թվային կարողունակությունը նաև նախադպրոցական չափորոշչի մաս է հիմա։