Աչաջուր գյուղից Պավել Աբազյանը հավերժի ճամփան բռնեց 1 տարի առաջ՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի պատճառով։ Նա ընտանիքի միակ որդին էր։ Պավլիկը մինչ ծառայության գնալը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, զուգահեռաբար զբաղվել է կարատեով՝ ավելի քան տասը տարի։
Նրա մարզիչը պատմում է, որ Պավլիկը մի շարք միջազգային մրցույթներերի հաղթող էր, նա ոչ միայն իր լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը։ «Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ», – ասում է մարզիչը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։