Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խումբը գիտաճանաչողական այցով, կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին եկել էր Տավուշի մարզ։ Ուսանողները նախատեսել էին այցելել Հաղարծին վանական համալիր, ապա Գոշավանք, իսկ վերջում վայելել աշնանային Տավուշը, սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահարը՝ ժամը երեքի սահմաններում ուսանողական 5 ավտոբուսներից մեկը դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհին՝ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։ Դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնք տեղացիների օգնությամբ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։
Պատահարի հետևանքով մեկ տուժած վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության:
Դեպքից անմիջապես հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը ևս ուսանողների կողքին էր՝ պահպանելով կապը տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած այցի շրջանակում շուրջ 250 ուսանող էր եկել Տավուշ։
Տուժածները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն․ որևէ մեկի կայքին վտանգ չի սպառնում։






