Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչ Գագիկ Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երրորդ տարին անընդմեջ բնակավայրում խոտհունձի աշխատանքները ձախողվում են։
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արդեն երրորդ տարին անընդմեջ մեր սահմանապահ Բարեկամավան գյուղը կանգնում է նույն աղետի առաջ՝ խոտհունձի տապալում։
Այս տարի նույնպես ամբողջ խոտը վառվել-փչացել է։ Գյուղում կատաստրոֆիկ տեխնիկայի պակաս կա, իսկ տեղական ու բարձրագույն իշխանությունների կողմից՝ բացարձակ անպատասխանատվություն և անտարբերություն։ Տպավորություն է, որ պատասխանատուներին բացարձակ չի հետաքրքրում սահմանամերձ գյուղի ճակատագիրը։
Ամեն մի պաշտոնյա պետք է հասկանա այս պարզ շղթան.
Չկա տեխնիկա և կազմակերպվածություն, չկա խոտ, գյուղացին չի կարողանում պահել անասունին, ընտանիքի միակ եկամտի աղբյուրը վերանում է, մարդիկ ստիպված թողնում են իրենց տներն ու հեռանում գյուղից։
Մենք ապրում ենք սահմանին։ Բարեկամավանի դատարկվելը հարված է հենց երկրի անվտանգությանը։
Ես արդեն 3 տարի է՝ փորձում եմ ձայնս հասցնել վերևներին։ Նամակներ, դիմումներ, զանգեր՝ ի պատասխան կա՛մ լռություն է, կա՛մ դատարկ ձևական ձևակերպումներ։
Էլ որքա՞ն պիտի սահմանամերձ գյուղերը գոյատևեն ոչ թե պետության աջակցության շնորհիվ, այլ դրան հակառակ։
Դիմում եմ լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին և բոլոր մտահոգ քաղաքացիներին. օգնե՛ք բարձրաձայնել այս խնդիրը, թույլ մի՛ տվեք, որ այն լռության մատնվի։ Եկե՛ք, նայե՛ք այն մարդկանց աչքերին, ումից խլում են հայրենի գյուղում ապրելու վերջին հույսը։
Պարոնա՛յք պաշտոնյաներ, ժամանակն է աշխատելու, այլ ոչ թե սահմանի մասին հիշելու միայն ընտրությունից ընտրություն։ Մեզ տեխնիկա է պետք, մեզ խնդրի լուծում է պետք ՀԻՄԱ, քանի դեռ գյուղն ամբողջությամբ չի դատարկվել»։





