Տարեվերջի օրերին կա մի խորհուրդ՝ վերհիշել-վերլուծել ընթացիկ տարում արված աշխատանքները, ուրվագծել գալիք տարվա անելիքները։ Անսալով այդ խորհրդին, պատմում ենք Տավուշ Մեդիայի մասին՝ Ձեր հավատարիմ ուղեկցի, որը 2024 թվականին ևս Ձեր կողքին էր ամեն օր ու ամեն ժամ: Մեր օրը սկսվում է մեկ առաքելությամբ՝ լինել Ձեր կողքին, պատմել Ձեր մասին, լսելի դարձնել Ձեր ձայնը, ձեզ համար հասանելի դարձնել կարևորը, անհրաժեշտը, հետաքրքիրը, պարտադիրը՝ խնդիրներից մինչև ժամանց։
Սահմանամերձ մարզի սահմանապահ լրատվամիջոց լինելը սոսկ աշխատանք չէ մեզ համար: Դա առաքելություն է՝ լինել այն կամուրջը, որ միավորում է մեր հեռավոր գյուղերի բնակիչներին, պատմել նրանց մասին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում են մեր սահմանները: Մեր ուշադրության կենտրոնում միշտ եղել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը՝ իրենց խնդիրներով, ձգտումներով, մարտահրավերներով ու հնարավորություններով։
2024 թվականը մեզ համար դարձավ իսկական փորձության և նոր հնարավորությունների տարի։ Մեր օպերատորներն ու լրագրողները շարունակեցին հասնել Տավուշի մարզի ամենահեռավոր անկյունները՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր պատմություն արժանի է լսված լինելու։
Օգտագործելով մուլտիմեդիա ոլորտում առկա գրեթե բոլոր ժանրերը ներկայացրել ենք սահմանամերձ բնակավայրերի խնդիրները և հեռուստատեսությամբ, և կայքով, և սոցիալական ցանցերում։
Տարվա ընթացքում մեր եթերում իրենց մշտական ներկայությունն էին ապահովում սահմանամերձ գյուղերի մեր թղթակիցները՝ իրենց գողտրիկ ու իրական պատմություններով՝ սահմանին ապրող մարդկանց մասին, նրանց խնդիրների ու հաջողությունների մասին: Մեր երիտասարդ թղթակիցները Տավուշ մեդիայի առաքելության դեսպանորդներն են սահմանամերձ գյուղերում և համայնքների ձայնը մեր եթերում:
Տավուշ Մեդիայի դերը նկատելի ու կարևոր դարձավ 2024 թվականի գարնանը՝ Տավուշի մարզում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ընթացքում։ Մենք ապահովեցինք անաչառ և որակյալ լուսաբանում սահմանազատման գործընթացի մասին։
Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով առաջացած աղետի ժամանակ մենք առաջիններից էինք դեպքում վայրում․ ջրհեղեղն ու դրա հետևանքները լուսաբանվեցին օպերատիվ, հետևողական ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ ապահովելով համարժեք արձագանք։ Մենք առաջինն էինք դեպքի վայրում: Ոչ թե պարզապես լուսաբանելու, այլ մեր համայնքների կողքին լինելու, նրանց ձայնը լսելի դարձնելու համար: Բացի դրանից, Տավուշ Մեդիան հանդես եկավ իրազեկման, խորհրդատվության և ուսուցման նախագծերով՝ ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը՝ օգնելու նրանց ավելի լավ պատրաստվելու և արձագանքելու արտակարգ իրավիճակներին։ Մեր նպատակային ու պրոֆեսիոնալ աշխատանքը հնարավորություն տվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը օգտվել Տավուշ Մեդիայի լուսանկարներից ու տեսանյութերից՝ առավել օպերատիվ ու արդյունավետ աջակցություն կազմակերպելու համար։
Ընթացիկ տարում կյանքի կոչվեց «Երիտասարդ Տավուշ» նախագիծը, որի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը, ստեղծել երկխոսության հարթակ երիտասարդների, պետական, տեղական ինքնակառավարման և քաղհասարակության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև խթանել երիտասարդների ներգրավվածությունը Տավուշի մարզի պետական, տեղական ինքնակառավարման և համայնքային կյանքում: Տարին սկսվեց հույսով և հավատով։ «Երիտասարդ Տավուշ» նախագիծը դարձավ այն հարթակը, որտեղ մեր երիտասարդները սովորեցին ոչ միայն երազել, այլև գործել։ Նրանք դարձան իրենց համայնքների փոփոխության առաջամարտիկները։ «Երիտասարդ Տավուշ» նախագիծը դարձավ տարվա կարևոր ձեռքբերումներից մեկը: Մեր երիտասարդները սովորեցին ոչ միայն լսել, այլև լսելի լինել: Նրանք դարձան իրենց համայնքների ձայնը, և այդ ձայնն այսօր ավելի հզոր է ու վստահ:
Տավուշ Մեդիայի հեռուստահաղորդումների ցանկը համալրեց «Քո իրավունքը» հաղորդաշարը․ հետաքրքրաշարժ ու շատերի շահերն արտացոլող հաղորդաշարի շրջանակներում տավուշցի իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանն ամեն անգամ ներկայացնում է իրավունքի տարբեր ճյուղեր՝ խոսելով դրանց մեջ կատարվելիք փոփոխությունների, իրավունքի բացերի, այդ թվում՝ իրավական խնդիրների մասին: Վիկտորյա Սիմոնյանը պարզ ու մատչելի լեզվով, ամենակարևորը՝ սիրով, բացատրում է այն ամենը, ինչ պետք է իմանալ մեր իրավունքների մասին: Չէ՞ որ իրազեկ քաղաքացին ավելի պաշտպանված քաղաքացի է: Մյուս կողմից էլ Հաղորդաշարի ընթացքում հեռուստադիտողների և սոցիալական ցանցերի հետևորդների բարձրաձայնած հարցերը ստանում են իրենց պատասխանները: Երկրաչափական պրոգրեսիայով աճող հարցերն ու հետևորդների թիվը վկայում են ճիշտ ուղղության ու ընտրության մասին:
Մեր մեդիայի կարևորագույն առաքելությունը մեր ինքնության, մեր լեզվի, մեր բարբառի, մեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է: Այս ծրագրերը թույլ են տալիս փաստագրել և պահպանել մեր մշակութային արժեքները։ Հատկապես կարևոր է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից (ավանդույթներ, սովորույթներ, բանահյուսություն), մշակութային ժառանգության ճանաչումն օգնում է ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը, սերունդներին փոխանցվում է մեր պատմության և մշակույթի մասին գիտելիք, ստեղծվում է կապ անցյալի և ներկայի միջև։ Տավուշ Մեդիան ապահովում է բարձրորակ մշակութային բովանդակություն, հասանելի է դարձնում մշակութային ժառանգությունը լայն հանրությանը, ստեղծում է կամուրջ սերունդների միջև, նպաստում է տարածաշրջանի մշակութային կյանքի զարգացմանը: Այս ծրագրերի շնորհիվ բնակչությունը ավելի լավ է ճանաչում իր արմատները, մշակույթը և պատմությունը: Սա օգնում է ձևավորել ավելի ուժեղ համայնքային և ազգային ինքնություն:
Տավուշ TV-ի եթերը շարունակաբար ընդմիջվում և հարստանում են արվեստի գործերի ներկայացմամբ, որոնք նպաստում են մշակութային ժառանգության հանրահռչակմանը։ Մեր եթերում հաճախ ցուցադրվում են ժողովրդական արվեստի գործեր՝ նոր շնչով ու նոր խոսքով։ «Տարվա հոբելյարներ» շարքը ևս ծառայում է մշակութային ժառանգության կարևորության տարածմանը՝ հիշեցնելով մեզ մեր մեծերի և նրանց թողած արժեքների մասին։ Սրանք ոչ թե պարզապես հաղորդումներ են, այլ մեր ինքնության, մեր արմատների, մեր մշակույթի կենդանի վկայությունները:
Պատահական չէ, որ Տավուշ հեռուստաընկերության եթերում ամենադիտված ու փնտրվող հաղորդումը «Մեր բարբառն ու բարքերն» նաև «Մակարդակով կոֆեն»: Որոնք ոչ միայն ուսուցողական լիցք ունեն, այլև ժամանցային ժանրերով անդրադառնում են մեր կենցաղին, բարքերին, նաև խոտելի ու ծիծաղելի սովորույթներին:
Տավուշի խոհանոցն ունի իր յուրահատուկ ճաշատեսակները և պատրաստման եղանակները: Կարևոր է պահպանել ոչ միայն բաղադրատոմսերը, այլև ուտեստների պատրաստման ավանդական ծեսերն ու սովորույթները։ Խոհանոցը կապված է տարածաշրջանի գյուղատնտեսական մշակույթի հետ, յուրաքանչյուր ուտեստի հետ կապված են բազմաթիվ պատմություններ և ավանդույթներ։ Տավուշում պահպանվել են բազմաթիվ ավանդական արհեստներ՝ գորգագործություն, փայտամշակում, կավագործություն, ասեղնագործություն։ Դրանք ոչ միայն արհեստներ են, այլև արվեստի յուրահատուկ ձևեր: Կարևոր է փաստագրել ոչ միայն արհեստի տեխնիկական կողմը, այլև դրա հետ կապված ավանդույթները և պատմությունները: Արհեստները նաև տնտեսական նշանակություն ունեն՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը:
«Տղերքը» հաղորդաշարն իրոք բացառիկ նշանակություն ունի մեր հասարակության համար: Առաջին հերթին այն հիշողության պահպանում է, յուրաքանչյուր զոհված հերոս ունի իր անհատական պատմությունը։ Հաղորդաշարը պահպանում է նրանց հիշատակը՝ ոչ միայն որպես զինվորների, այլ որպես որդիների, եղբայրների, ընկերների, ցույց է տալիս նրանց առօրյա կյանքը, հետաքրքրությունները, երազանքները,․ երկրորդ հերթին այն հայրենասիրության դաստիարակություն է։ Հերոսների կենսապատումները ներշնչում են երիտասարդ սերնդին, ցույց են տալիս իսկական հայրենասիրության օրինակներ, բացահայտում են այն արժեքները, որոնց համար նրանք պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքը, ցույց է տալիս ընտանիքների հպարտությունը իրենց զոհված հերոսների նկատմամբ, օգնում է մյուս ընտանիքներին տեսնել, որ իրենք մենակ չեն իրենց կորստի մեջ, նպաստում է համայնքային աջակցության ցանցերի ձևավորմանը։ Չնայած ծանր կորուստներին, հաղորդաշարը ցույց է տալիս կյանքի շարունակականությունը, ընդգծում է երիտասարդների հավատը հայրենիքի ապագայի հանդեպ,պատմում է նրանց կիսատ մնացած երազանքների մասին, որոնք պետք է իրականացնեն գալիք սերունդները: Այս հաղորդաշարը ոչ միայն պատմում է անցյալի մասին, այլև կամուրջ է կառուցում դեպի ապագա՝ ցույց տալով, որ մեր հերոսների զոհաբերությունը պետք է դառնա ուժի և միասնության աղբյուր: Այն օգնում է հասարակությանը գիտակցել պատերազմի իրական գինը և արժևորել խաղաղության կարևորությունը:
Տավուշ Մեդիան՝ որպես հայկական հեռուստադաշտի արտակարգ հեռուստաընկերություն, ունի կարևոր առանձնահատկություն՝ դիմակայունության բաղադրիչ․ աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության և հարմարվողականության ու կայուն զարգացման ծրագրերը մեր գործունեության հիմնական ուղղություններից են։ Այս տարի Աղետների ռիսկի նվազեցման օրն ու Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցին, կրկին հիշեցնում էինք ամենակարևորի մասին՝ անվտանգության ու քաղպաշտպանության։
«Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ նախաձեռնությամբ աշնանը մեկնարկեց «Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումն ու կառավարումը» խորագրով հանրային բանախոսությունները՝ Տավուշի մարզի բնակչության իրազեկվածության ու դիմակայունության բարձրացման նպատակով: Ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ Նիկոլայ Գրիգորյանի ասելիքը դարձյալ ամենակարևորի մասին էր՝ վտանգների, ռիկսերի ու դրանց կառավարման մասին, բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության մասին։
Նոր նախագծով սկսել ենք Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքար՝ մեդիամանիպուլյացիայի կանխարգելման, մեդիագրագիտության տարածման ու բարձրացման և վերջնաարդյունքում՝ ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծմամբ:
Ուշադրության կենտրոնից չեն հեռանում սահմանային-անվտանգային խնդիրներն ու գարնանային աղետի հետևանքները․ դրանց մասին պատմելու ենք առաջիկայում՝ սպասեք մեզ՝ Ձեր բնակավայրերում։
Տավուշի մարզն առավել անվտանգ, դիմակայուն ու ռիսկերի կառավարմամբ՝ կայուն զարգացող դարձնելու, մարդկանց կյանքը բարելավելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով տարեվերջին ազդարարեցինք «Դիմակայուն Տավուշ» նախագծի դրամահավաքը։
Մենք կյանքի ենք կոչում «Դիմակայուն Տավուշ» նախագիծը: Սա մեր երազանքն է՝ տեսնել ավելի անվտանգ, ավելի զարգացած, ավելի հզոր Տավուշ: Եվ այս երազանքը իրականություն դարձնելու համար մենք ունենք Ձեզ՝ մեր հավատարիմ հեռուստադիտող-հետևորդին: Սա այն պահն է, երբ մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։ Այսօր մենք երազում ենք հասնել ավելիին Ձեզ հետ միասին: «Դիմակայուն Տավուշ» նախագիծը մեր ընդհանուր ապագայի տեսլականն է: Յուրաքանչյուր ներդրում, անգամ ամենափոքրը, քայլ է դեպի ավելի անվտանգ, ավելի զարգացած ու դիմակայուն Տավուշ: Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի անկախ, հզոր ու կարողունակ սահմանամերձ մեդիա, որը կլինի ոչ միայն լրատվամիջոց, այլև՝ մեր համայնքների զարգացման շարժիչ ուժը:
Տավուշ Մեդիան Ձերն է, Ձեզ համար, Ձեր մասին և Ձեր շնորհիվ կշարունակի մնալ Ձեր կողքին:
Ձեր վստահությունն ու աջակցությունը մեզ համար թե՛ պատասխանատվություն են, թե՛ ուժ: Եկեք միասին կերտենք մեր վաղվա օրը: Ձեր յուրաքանչյուր ներդրում «Դիմակայուն Տավուշ» նախագծում ոչ միայն աջակցություն է մեզ, այլ ներդրում՝ մեր ընդհանուր ապագայի մեջ:
Մաղթում ենք ամենաառաջինը՝ խաղաղություն, Խաղաղ երկինք, պաշտպանված սահմաններ և բարեկեցություն, բոլոր նպատակների իրականացում ու երջանկություն․ 2025-ին էլ սիրենք ու վստահենք իրար, լինենք պահանջկոտ ու հավատարիմ, համերաշխ ու դիմակայուն, առողջ լինենք ու հաջողակ, խաղաղ ու պաշտպանված երկիր ունենանք, երջանիկ լինենք ու արժանապատիվ: