Մեր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկը՝ տավուշեցի գրող Աշոտ Աղաբաբյանը, հանդիպել էր Իջևանի իր ընթերցողների հետ։ «Իրական դպրոցում» հեղինակի գրքերը վաղուց դարձել են ուսանողների ամենօրյա ընթերցանության մասը։ Գրադարաններում և ուսանողների սեղաններին հաճախ կարելի է տեսնել «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդը», «Գաղտնիքների տիրակալը» վեպերը, որոնք երիտասարդները կարդում են և որպես գեղարվեստական ստեղծագործություններ, և պատմական ու փաստագրական բացահայտումների համար։
Հանդիպումն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում։ Ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին՝ հետաքրքրվելով նրա ստեղծագործական ճանապարհով, վեպերի հերոսների իրական նախատիպերով, ինչպես նաև այն գաղտնի պատմություններով, որոնք հաճախ դառնում են Աղաբաբյանի ստեղծագործությունների հիմքը։ Գրողը խոսեց նաև իր ամենահայտնի գործերի ստեղծման պատմության մասին՝ նշելով, որ ընթերցողի վստահությունն ու հետաքրքրությունն իր համար ամենամեծ գնահատականն են։ Վերջին տարիներին նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են և մեծ պահանջարկ ունեն հայ ընթերցողների շրջանում։
Երիտասարդ ընթերցողների հետ հանդիպմանը մեծ հետաքրքրություն առաջացրեց «Նմանակը» վեպի քննարկումը, որը հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող բացառիկ օպերացիայի մասին է, հիմնված իրական փաստերի վրա և պատմում է Իջևանի Աչաջուր գյուղից հայ հետախույզի՝ Սմբատ Խոջոյանի մասին, ով 3 տարի Թուրքիայում փոխարինել է խորհրդարանի թուրք պատգամավորի: Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշոտ Աղաբաբյանի նոր՝ «Կարդինալ» գրքին, որը վերջերս է լույս տեսել և արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում։ Հեղինակի խոսքով՝ գիրքը լայն արձագանք է ստացել Հայաստանում, այն հետաքրքրել է անգամ Հռոմի պապին։
ժամանակակից գրականությունը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել երիտասարդների շրջանում։ Իսկ հեղինակ–ընթերցող անմիջական շփումը կարևոր հնարավորություն է ոչ միայն գրքերը բացահայտելու, այլև ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը խորացնելու համար։





