«Տավուշը հիշում է․․․» Այս խորագիրն էր կրում մայիսի 9-ին Բերդ քաղաքում անցկացված միջոցառումը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով, որին մասնակցում էին Բերդի տարածաշրջանի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Հավաքված բազմությունը քայլում էր միասնականությամբ ու հարգանքով՝ կրելով հաղթանակի հիշողությունը սրտերում։ Երթից հետո միջոցառումը շարունակվեց Բերդի համայնքապետարանի հարակից բակում։
Տոնական միջոցառման մշակութային մասը հարստացրին Բերդի համայնքային մշակույթի տան սաները՝ պարային և գրական-բանաստեղծական գեղեցիկ համարներով։
Բեմում իրենց ստեղծագործ աշխատանքներով հանդես եկան նաև փոքրիկները, որոնց աշխատանքների ցուցադրությունը յուրահատուկ տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը՝ պատկերելով խաղաղության կարոտը և հայրենասիրական ոգին։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:
Հեղինակ՝ Անահիտ Մակյան