Տավուշի մարզում գյուղատնտեսությունը շարունակում է մնալ գյուղական բնակավայրերի հիմնական զբաղվածության ուղղություններից մեկը։ Սակայն ոլորտում աշխատողներն այսօր կանգնած են մի շարք մարտահրավերների առաջ՝ կլիմայական փոփոխություններից և աշխատուժի պակասից մինչև արտադրանքի իրացման խնդիրներ։ Միևնույն ժամանակ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ու մշակաբույսերի ճիշտ ընտրությունը հնարավորություն են տալիս նույնիսկ փոքր հողատարածքներից ստանալ կայուն եկամուտ։
«2020 թվականին այս գործը սկսեցի ընդամենը 1000 քառակուսի մետր տարածքից։ Սկզբում ուսումնասիրեցի ոլորտը, հասկացա՝ ինչպես պետք է աշխատել, հետո ամեն տարի սկսել եմ ընդլայնել տնտեսությունը։ Տեսա, որ հողից կարելի է եկամուտ ստանալ, եթե դրան ճիշտ մոտենաս։ Մալինան ընտրել եմ, որովհետև հեռանկարային մշակաբույս է։ Բացի դրանից՝ մշակում ենք նաև լոբի, սխտոր և այլ մշակաբույսեր։ Եթե ճիշտ կազմակերպես աշխատանքը, գյուղատնտեսությունը կարող է շահավետ լինել։
Այսօր շատ հողեր անմշակ են մնում։ Շատերը դեռ չեն պատկերացնում, որ հողը կարող է եկամուտ բերել։ Ես նույնիսկ հին խաղողի այգիները մաքրել եմ ու դրանց փոխարեն նոր այգիներ հիմնել, որովհետև համոզվել եմ, որ գյուղատնտեսության մեջ մեծ հնարավորություններ կան։ Ռիսկերը, իհարկե, շատ են։ Դաշտում ամեն ինչ կախված է եղանակից։ Անձրևները, վնասատուները, բերքի իրացման դժվարությունները միշտ կարող են խնդիրներ ստեղծել։ Եղել են տարիներ, երբ չենք հասցրել ժամանակին իրացնել բերքը և կորուստներ ենք ունեցել, բայց դա չի ստիպել հրաժարվել գործից։ Ընդհակառակը՝ շարունակել ենք զարգանալ։
Այսօր արդեն մոտ մեկ հեկտար մալինայի այգի ունենք։ Այս պահին հավաքել ենք շուրջ վեց տոննա բերք, սպասում ենք ևս մոտ երեք տոննայի։ Երբ ամբողջ այգին լիարժեք բերքատվության հասնի, տարեկան կկարողանանք ստանալ 10-15 տոննա մալինա։ Իրացման հարցում համագործակցում ենք վերամշակող ընկերությունների և խանութների հետ։ Արտադրանքը վաճառվում է Իջևանում և տարածաշրջանի այլ բնակավայրերում, ու այս պահին իրացման խնդիր չունենք», — ասում է Պառավաքար գյուղի բնակիչ, գյուղատնտես Սայադ Բաղդասարյանը։
Աշխատանքային օրը այստեղ սկսվում է լուսաբացին։ Բերքահավաքը կազմակերպվում է վաղ առավոտյան, երբ շոգը դեռ չի խանգարում աշխատանքին, իսկ սեզոնի ընթացքում տնտեսությունում աշխատում են մինչև տասը մարդ՝ ինչպես գյուղից, այնպես էլ հարևան համայնքներից։
«Աշխատանքային օրը սկսում ենք առավոտյան 05:30-ին, որպեսզի բերքահավաքը կատարվի մինչև շոգը։ Սեզոնի ընթացքում մեզ մոտ աշխատում է 8-10 մարդ՝ մեր գյուղից Պառավաքարից և հարակից գյուղերից, նաև Ծաղկավանից։ Գյուղատնտեսությունը հեշտ աշխատանք չէ, բայց եթե աշխատես համառությամբ, արդյունքն անպայման կլինի», — ասում է Պառավաքար գյուղի բնակիչ, Ռուզաննա Ղազարյանը։
Ամիսների աշխատանքը երբեմն կախված է մի քանի օր տևած անձրևից, կարկուտից կամ շուկայի փոփոխություններից։ Սակայն յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն նոր փորձ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսությունը և վստահությամբ շարունակել աշխատանքը։




