Հայաստանը, ունենալով աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը, հաճախ անվանվում է «թանգարան՝ բաց երկնքի տակ»․ այս բնորոշման հիմքում ընկած է ինչպես երկրի բնությունն ու կենսաբազմազանությունը, այնպես էլ մշակույթը։ Դարեր ի վեր գտնվելով արևելքի ու արևմուտքի էպիկենտրոնում, հայ ժողովուրդը ստեղծել ու արարել է ժամանակին համահունչ, լայն ու ընդգրկուն և կենդանի մշակույթ, որը եզակի է իր ինքնատիպությամբ։
Նոր ժամանակները իրենց հետ բերում են նոր մարտահրավերներ ու հնարավորություններ։ 21-րդ դարում մշակույթը, ինչպես ստեղծարար այլ ճյուղերը, աստիճանաբար դառնում են համաշխարհային տնտեսության շարժիչ ու կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում գտնվող Տավուշի մարզը պատմական հարուստ մշակութային ժառանգություն ունեցող տարածաշրջան է։ Տավուշի մարզի հարուստ անցյալի, արվեստի ու արհեստի գործերի, գրականության, ճարտարապետության, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության մասին հստակ, ճշգրիտ և ամբողջական պատկերը ներկայացված են Տավուշի մարզում գործող թվով 6 թանգարաններում։ Դրանք են՝
- Դիլիջանի երկրագիտական թանգարանը,
- Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանը,
- Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը,
- Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը,
- Կողբ գյուղի պատմության թանգարանը,
- Վերին Կարմիրաղբյուր գյուղի պատմամշակութային թանգարանը։
Այս վեց կենտրոններն են, որ նպաստում են ձևավորել և ընդլայնել մտահորիզոնը Տավուշի ու բնակչության ընդհանուր պատմության մասին։
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
«Եթե Աստված ինձ հյուր գար, ես նրան կհյուրընկալեի Դիլիջանում»
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը ունի մեկ դարյա հիմնադրման պատմություն: Հիմնադրվել է 1920 թվականին Սերիկ Դավթյանի կողմից: 1950 թվականին թանգարանին պաշտոնապես շենք է տրամադրվել և տնօրեն նշանակվել Եղիշե Հովսեփյանը։ Այցելուների համար այն բացվել է 1952 թվականին։ Թանգարանը կազմված է հինգ բաժիններից` հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, կիրառական արվեստ և կերպարվեստ: Թանգարանում են պահվում և ցուցադրվում թվով 1017 հնագիտական իրեր, ազգագրական, կիրառական արվեստի առարկաներ, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարներ, քանդակներ։ Ներկայացված է նաև 47 արծաթյա իր, որոնցից 36-ը մետաղադրամ և 39 կտոր հնատիպ գրականություն։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը, որում ներկայացված առարկաները հայտնաբերվել են Դիլիջանի շրջակայքից և պատկանում է ուշ բրոնզե և վաղ երկաթի դարաշրջաններին։
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը հարուստ է հայ և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Շարամբեյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի բնօրինակ աշխատանքներով։
«Դիլիջանցի պապիկի դիմանկարը»․ Հովհաննես Շարամբեյան
Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահի ներկայիս շենքը վերջին անգամ հիմնանորոգվել է 2008 թվականին։ Շքամուտքը նույնությամբ կրկնում է Հաղարծնի վանքի գավիթի արևմտյան ճակատի շքամուտքը, որը խորհրդանշում է մուտք դեպի պատմություն։
Գևորգ Բաշինջաղյան – «Ձմռան բնապատկեր»
Թանգարանում կազմակերպվում են նաև մի շարք վարպետաց դասեր, որոնց կարող են մասնակից դառնալ թե՛ զբոսաշրջինկերը, թե՛ համաքաղաքացիներն ու դպրոցականները և թե՛ այցելուները՝ Հայսատանի այլ շրջաններից։ Մասնավորապես՝ գորգի, բատիկայի, կերպարվեստի, զարդերի պատրաստման և գեղարվեստական տպագրության վարպետաց դասերը թույլ են տալիս այցելուներին ստեղծել նոր իր՝ պահպանելով դիլիջանյան անհատական դետալները։
«Դիլիջանի ճանապարհը»․ Գևորգ Բաշինջաղյան
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան
Տավուշի մարզի Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռավորության վրա՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում՝ «Սորան» դենդրոպարկի հարևանությամբ է գտնվում Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանը։ Այն հիմնադրվել է 1981 թվականին՝ որպես Սարդարապատի ազգագրության թանգարանի մասնաճյուղ, հետագայում անցել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ենթակայության տակ․ 1997 թվականին թանգարանը Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների շարքում էր և դարձել էր համայնքապատկան կառույց։ Թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն է եղել Ռաֆիկ Մուրադյանը։
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանն իր մեջ ամփոփում է քաղաքի բնակչության անցյալին ու ներկային վերաբերող պատմական, հնագիտական ու ազգագրական նյութեր՝ մասնավորապես տարածաշրջանի հնագիտությունը, հոգևոր ու նյութական մշակույթը, երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները: Թանգարանում գործում են բաժիններ, որոնք վերաբերում են Հայոց մեծ եղեռնին, 1990-1997 թվականների հայ-ադրբեջանական ընդահարումներին, Շամշադինի ինքնապաշտպանական ջոկատներին, «Տավուշի» կամ «Ցլիկ Ամրամի» ամրոցի պատմությանը, տարբեր ժամանակներում կատարված պեղումներին, բնակչության կենցաղին, որը ներկայացված է «տատիկի տուն», «մոր և մանկան» անկյունների միջոցով, հողագործությանը, կավագործությանը, ձեռագործությանը, գորգագործությանը և երաժշտական գործիքներին։ Թանգարանում առանձին տեղ են գրավում երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտին վերաբերվող նյութեր: Տարածաշրջանը գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջատար արդյունքներ ունեցող շրջաններից է եղել և այդ պատճառով է, որ կան առաձին բաժիններ, որոնք հատկացված են անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։
Թանգարանում առկա է ընդհանուր 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Իսկ ցուցադրվողներից 34-ը գրքեր են։ Ներկայացված են նաև հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ, ձեռագործ աշխատանքներ։ Բերդի բնակիչները խնամքով պահպանում ու ցուցադրում են նաև հարկից Ադրբեջանի նվերը՝ Ստեփան Շահումյանի պատկերով գույնզգույն գորգը։ Արժեքավոր է հատկապես «Տավուշ» բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների միջոցով հնավայրի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։ Թանգարանի մուտքը անվճար է։
Դիլիջանի ժողվրդական արվեստի թանգարան
Դիլիջան քաղաքի կենտրոնում՝ Աղստև գետի հարևանությամբ է գտնվում Դիլիջանի ժողվրդական արվեստի թանգարանը, որը ստեղծվել է 1979 թվականին` բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Մինչ թանգարանի վերածվելը այն եղել է բնակելի տուն, որի վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի: Շրջելով Հայաստանի տարբեր վայրերում՝ Հ․ Շարամբեյանն ստեղծել է պղնձյա կենցաղային իրերի մեծ հավաքածու՝ նվիրելով այն թանգարանին։ Շարաբեյանը թանգարանին է նվիրել նաև իր գեղանկարների հավաքածուն, որը համարել է թանգարանի ֆոնդը:
Դիլիջանի ժողվրդական արվեստի թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքները, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր ու կարպետներ: Թանգարանը ունի 9 սրահ, պատշգամբ, որը նույնպես ծառայում է ցուցադրության համար։ Ընդհանուր առմամբ թանգարանում առկա է 847 ցուցանմուշ, որից ցուցադրության է ներկայացված 547-ը։
Թանգարանի շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջում՝ 1896 թվականին ու համարվում է Դիլիջանի ամենահին շինություններից մեկը և ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Հին ոճով ձևավորված շինությունը արտահայտում է նաև քաղաքի դարերից եկող սերը փայտամշակման հանդեպ։
Իջևանի պատմաերկրագիտական թանգարան
1955 թվականին Իջևանի գործկոմի կողմից հիմնադրվում է Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը։ Այն տարածաշրջանի պատմության ֆիզիկական մարմնավորումն է։ Թանգարանը շուրջ 70 տարվա պատմություն ունի։ Հիմնադրվելով ԽՍՀՄ տարիներին պատմաերկրագիտական թանգարանը համարվել է տեղական հարուստ ժառանգություն ունեցող թանգարանների շարքին։
1992 թվականին Իջևանի պատմաերկրագիտական թանգարանից Սարդարապատի հերոսամարտի ու Հայաստանի Պատմության թանգարան են տեղափոխվել ավելի քան 1600 ցուցանմուշներ։
Թանգարանը գտնվում է Իջևան քաղաք մտնելու ճանապարհի աջակողմյան հատվածում։ Բակում աչք են զառնում երկու հին թնդանոթները։ Առաջինը պատրաստվել է 1906 թվականին՝ Ռուսատաստի Պետերբուրգ քաղաքում․ մասնակից է եղել Առաջին համաշխարային պատերազմին ու հեղափոխական կռիվներին։ Երկրորդ թնդանոթը պատրաստվել է 1927 թվականին՝ Ռուսաստանի Եկատերինբուրգում քաղաքում։ Երկրորդ թնդանոթը մասնակցել է երկրորդ աշխարհամարտին։
Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը այսօր իր այցելուներին դիմավորում է իր չորս բաժիններով և հինգ ցուցասրահներով։ Բացի նոր և նորագույն պատմության, ինչպես տեղի կենցաղի մասին պատմող իրերից, թանգարանում կան իրեր որոնք թվագրվում են մ.թ.ա 3-2-րդ հազարամյակին, ինչպես նաև ուրարտական ժամանակաշրջանին։ Թանգարանում կարելի է գտնել նաև 1918 թվականի արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի և Շամշադինի պարտիզանները։ Ռադիոընդունիչ, որը Իոսիֆ Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին (ռուս տանկիստն ապրել է Թիֆլիսում և Կալինինգրադ տեղափոխվելիս նվիրել այն իր հայ հարևանին։ Այնուհետև հայը վերահաստատվելով Իջևանում` ռադիոընդունիչը հանձնել է թանգարանին):
Անտառածածկ լեռներով ու լանջերով շրջապատված Իջևան քաղաքի, հարակից բնակավայրերի հողի, պատմա-ճարտարապետական, մշակութային ժառանգության, արվեստի ու արհեստի, մարդու, կենցաղի, նյութական արժեքների իմաստավորումը և ներկայացումը ամբողջացված է Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում։
Կողբի պատմության թանգարան
Տավուշի մարզում, որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի թանգարանը, որի հիմքում պատմությունն ու ազգագրությունն է։ Թանգարանը կից գործում է Կողբի մշակույթի կենտրոնին և գտնվում կենտրոնի երկրորդ հարկում։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից։
Կողբի պատմության թանգարանը ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ, որոնք հայտնաբերվել են պեղումների, շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում։ Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից բնակավայրերի պատմությունը, կենցաղը, կյանքը՝ հին օրերից մինչ մեր օրեր։
Թանգարանի ցուցանմուշների մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամանները ու բրոնզյա իրերը, պատմական մետաղադրամներ, կենցաղում օգտագործված իրեր, ազգագրական այլ ցուցանմուշներ։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբ գյուղից գտնված և մ.թ.ա. 9-րդ դարի թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է։
Թանգարանի ցուցատախտակներին ներկայացված են նաև 20-րդ դարից մինչև մեր օրերի նշանավոր կողբեցիների լուսանկարերը`լրացուցիչ տեղեկություններով։ Ականավոր կողբեցիները քաղաքական և մշակութային գործիչներ են, գիտնականներ, բարձրաստիճան սպաներ, պատգամավորներ, մարզիկներ, գյուղական դպրոցի, մանկապարտեզի աշխատակիցներ, բժիշկներ: 1920 թվականին Կողբում է հիմնադրված Հայաստանում առաջին գյուղական հիվանդանոցի պատմությունը ևս ներկայացված է թանգարանում:
Կողբի պատմության թանգարանը, ըստ էության, իրավական առումով Կողբի մշակույթի կենտրոնում գործող ցուցասրահ է, քանի որ չունի առանձին իրավաբանական կարգավիճակ:
Վերին Կարմիրաղբյուրի պատմամշակութային թանգարան
Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ևս կա գյուղական թանգարան, որն պատմամշակութային ուղղվածությամբ է։ Հիմնադրվել է 1964 թվականին գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ Սերյոժա Մխիթարյանի կողմից։ Թանգարանի ստեղծման գաղափարը Վերին Կարմիրաղբյուր գյուղում և հարակից տարածքներում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող իրերի պահպանությունն է եղել և գյուղի պատմությունը հաջորդ սերունդներին ներկայացնելը։ Խորհրդային Հայաստանի կուլտուրայի մինիստրության կոլեգիայի 1980 թվականի հունվարի 31-ի որոշմամբ՝ 10 այլ թանգարանների շարքում Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբուր գյուղի թանգարանին շնորհվել է «Ազգային թանգարանի» կոչում։ Թանգարանում, այսօր ներկայացված է 3875 ցուցանմուշներ, որոնք հավաքվել են հնագիտական խմբակի անդամների և համագյուղացիների նվիրատվությունների շնորհիվ։ Ցուցանմուշների հավաքածուն շարունակում է համալրվել առ այսօր։
Վերին Կարմիրաղբյուր գյուղի պատմամշակութային թանգարանի ստեղծման պատմությունը հետևյալն է․ գյուղի դպրոցի ուսուցիչ Սերյոժա Մխիթարյանը գյուղի վարսավիրանոցում տեսնում է գեղեցիկ նախշերով երկու կավե կճուճ և վարսավիր Նարիման Վանեսյանին խնդրում դրանք իրեն տալ (վերջինս դրանք գտել էր գյուղի ճանապարհների վերանորոգման ժամանակ)։ Հարցին, թե ինչ պետք է անի մանկավարժն այդ կճուճները, Մխիթարյանը պատասխանում է, որ նպատակ ունի թանգարան ստեղծելու։ Նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվում է հին իրերի հավաքագրումը։ Ուսուցիչը հիմնում է հնագիտական խմբակը (հետագայում՝ «Տավուշ» տուրիստական խմբակ, ապա՝ հայրենագիտական խմբակ), որի կազմակերպած արշավների ընթացքում խմբակի անդամների կողմից կատարված պեղումների արդյունքում գետնի տակ հայտնաբերվում է գինու պահեստ՝ իրար մոտ դասավորված 38 կարասներով, որոնցից մեկը՝ 300-350 լ․ տարողությամբ։ Աշակերտները նույն վայրում հայտնաբերում են 2 քարե մատանի և այլ արժեքավոր իրեր։ Խորհրդային տարիներին թանգարանն ունեցել է ազգագրական, քարեդարյա, բրոնզեդարյա գործիքների, զենքերի, գյուղատնտեսական և կենցաղային իրերի, խեցեգործության ու մետաղադրամների բաժիններ։ Առանձին բաժնով ներկայացված են եղել Մեծ Հայրենականից չվերադարձած համագյուղացիներին վերաբերող նյութերը, նրանց անձնական իրերն ու ռազմաճակատից հարազատներին գրած եռանկյունաձև նամակները։
Թանգարանը, այսօր իր այցելուներին ներկայացնում է հայ ժողովրդի ավանդական կենցաղը բնութագրող առարկաներ, հայ գյուղացու աշխատանքային գործիքները, գյուղական հագուկապի առանձին տարրեր, քարե ու բրոնզե դարերի նմուշներ, զենքերի տեսակներ (անգամ՝ կանացի ատրճանակ), մեղաղադրամների ու թղթադրամների տեսակներ, հնագիտական չափազանց մեծ արժեք ներկայացնող այլ իրեր։
Վերին Կարմիրաղբյուր գյուղի պատմամշակութային թանգարանը, կրկին, իրավական առումով չունի իրավաբանական գրանցում և պահպանվում է համագյուղացիների նվիրատվություններով ու գտնվում է հիմնադիր Սերյոժա Մխիթարյանի ավագ որդու հոգածության ներքո։
Տավուշի մարզի պատմությունը, մշակույթը տեղ են գտել մարզում գործող թանգարաններում` Դիլիջանի երկրագիտական, Բերդ քաղաքի պատմության և կենցաղի, Իջևանի պատմաերկրագիտական, Դիլիջանի ժողովրդական արվեստի, Կողբ գյուղի պատմության և Վերին Կարմիրաղբյուր գյուղի պատմամշակութային թանգարաններում։
Այս թանգարաններից յուրաքանչյուրը կարելի է համարել Տավուշի մարզի, մասնավորապես՝ տվյալ տարածաշրջանի «անձնագիրը», պատմական իրողությունների ֆիզիկական մարմնավորումն ու բազմադարյա կենսագրությունը։ Ցուցասրահները և ցուցանմուշները տարբեր են, տարատեսակ ու բազմազան և այս բազմազանությանը միավորում է մեկ իրողություն՝ հայ ժողովրդի անցած բազմադարյան ճանապարհը, անցյալը, ձեռքբերումները, կորուստները, մշակույթը։
Տավուշի մարզի թանգարանները նրա հին ու նոր պատմության կապող օղակն են և ներկայացնում են բոլոր ժամանակների տավուշցու ավանդական նիստուկացը, բանահյուսությունը, ժողովրդական երաժշտարվեստն ու պարարվեստը, հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթները, կենցաղը, տնտեսական կյանքի հետ կապված հմտությունները (երկրագործություն, անասնապահություն, առևտուր և այլն), խոհանոցն ու խաղերը, ճարտարապետությունը, տունն ու կահկարասին, գործն ու արարմունքը, հաղթանակը։