Մարտի 29-ին Այգեձոր գյուղում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդը՝ համախմբելով բազմաթիվ հավատացյալների։ Տոնի առթիվ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այս արարողությունն ունի խորհրդանշական իմաստ, որը կապված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հետ, երբ մանուկները դիմավորում էին Նրան՝ աղաղակելով՝ «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս 21:15):
Տոնական արարողությանը մասնակցեցին բազմաթիվ համայնքի բնակիչներ, որոնք եկեղեցի էին եկել ուռենու ճյուղերով: Հոգևորականը օրհնեց ճյուղերը, և դրանք բաժանվեցին հավատացյալներին՝ որպես օրհնության և նոր կյանքի խորհրդանիշ:
Ծաղկազարդը քրիստոնեական կարևոր տոներից է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նոր կյանքի, հույսի ու վերածննդի ավետիսը: Այգեձորում տոնը նշվեց ակտիվ մասնակցությամբ, ընդգծելով համայնքի հավատարմությունը եկեղեցական ավանդույթներին և դրանց փոխանցման կարևորությունը գալիք սերունդներին:
Հեղինակ՝ Անահիտ Մակյան
Կարդացեք նաև՝






