Այսօր սեպեմբերի 28-ն է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Տավուշ Մեդիան բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հեռուստադիտողներին՝ ուղիղ եթերում հեռարձակելով տոնի արարողությունները․ մենք միասին վկաներն ենք դառնում հայոց եկեղեցու և մեր ժողովրդի սիրելի, կարևոր տոներից մեկին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին։
Արդեն սերունդներ շարունակ, այս տոնը նշվում ու հիշեցնում է Սուրբ Խաչի զորության մասին։ Տոնի օրերին ավանդաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Նոր Վարագավանք է բերվում Տերունական Խաչափայտի մասունքը՝ այն վերադառնում ու գտնվում է իր պատմական տանը՝ Նոր Վարագավանքում։
Վարագա Սուրբ Խաչի տոնն ամեն տարի նշվում է Խաչվերացից 14 օր անց՝ սեպտեմբերի վերջին կիրակի օրը։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով Հայաստան եկած Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտի մի մասունք։ Նա մասունքը պահեց Վարագա լեռան քարայրներից մեկում, որպեսզի այն հեթանոսների ձեռքը չընկնի։ Շատ դարեր անց, 653 թվականին, Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը տասներկու օր խիստ ծոմապահությամբ և աղոթքով խնդրեցին Տիրոջը՝ արժանանալով հրաշքի․ լեռան գագաթին երևացին տասներկու լուսեղեն սյուներ։ Այս հրաշքի արդյունքում գտնվեց Սուրբ Նշանը։
Ներսես Գ Տայեցի հայրապետը սահմանեց ամեն տարի տոնել այս օրը՝ ի փառս Տերունական Խաչի։ Այդ ժամանակ Վարագա լեռան վրա կառուցվեցին տասներկու եկեղեցիներ՝ հիշատակ լուսեղեն սյուների, իսկ այն վայրը, ուր հանգեց Սուրբ Նշանը, դարձավ վանք ու մեծ ուխտատեղի։ Այդպես ծնվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որն այսօր հիշվում է, նշվում է որպես հոգևոր վերագտման տոն։ Այսօր էլ ուխտավորներ են գալիս Հայաստանի բոլոր շրջաններից՝ հաղորդվելու Տիրոջ Խաչափայտին և զորություն ստանալու իրենց կյանքում։






