Տավուշի գեղատեսիլ բնությունը Հայաստանի այցեքարտերից մեկն է, նաև այն կենդանի էկոհամակարգը, որ կարիքն ունի յուրաքանչյուրիս հոգտարության և պահանջում է մշտական պահպանություն և հսկողություն։ Բնության պահպանությունը, շրջակա միջավայրի նկատմամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողության իրականացումը մեր երկրում վստահված է Էկոպարեկային ծառայությանը։ Էկոպարեկային ծառայությունը կարևոր դեր ունի բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի բնականոն զարգացման ապահովման գործում՝ կանխելով կամ մեղմելով մարդածին բացասական ազդեցությունները։
«Էկոպարեկային ծառայության խնդիրներն են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը, օրենսդրությամբ նախատեսված իրավասության շրջանակներում իրավախախտումների կանխում-կանխարգելում, բացահայտումը, այդ տարածքներում պահպանության կանոնների նկատմամբ հսկողության ապահովումը, հակահրդեհային կանոնների հսկողության իրականացումը»,- նշում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։
2025 թվականի նոյեմբերից մեկնարկել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացը։ Նպատակն է ներգրավել պատրաստված, պատասխանատու և բնապահպանական առաքելությանը նվիրված քաղաքացիների։ Մրցութային գործընթացը բաղկացած է երեք փուլից՝ ֆիզիկական պատրաստվածության վիճակի գնահատում, գրավոր թեստավորում և հարցազրույց։ Տավուշի մարզային վարչությունը լինելու է հանրապետության ամենախոշոր ստորաբաժանումը՝ հաշվի առնելով մարզի մեծ անտառածածկույթը և բարդ ռելիեֆը։
«էկոպարեկային ծառայության հաստիքներն են 1176, կենտրոնական ապարատը՝ 110, իսկ մարզային ստորաբաժանումներում՝ 1066։ Տավուշի մարզային վարչությունն առանձնանում է իր բարդ ռելեֆային և հաստիքների թվաքանակով, նշեմ, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզային վարչության հաստիքներն են 253, մարզային վարչությունն ունի 5 տեղամաս։ Այս պահին ընթանում են Տավուշի մարզային վարչության համալրման աշխատանքները, դեռևս 2025 թվականի նոյեմբերի 4-ից մեկնարկել ենք, Տավուշի մարզային վարչության համալրման աշխատանքները, հայտարարվել է շուրջ 242 մրցույթ, այս պահին ունենք 82 նշանակում, համալրման գործընթացը շարունակական բնույթ է կրում»,-Տավուշ Մեդիայի հետ զրույցում հավելեց ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։
Միանալով ծառայությանը միանում եք շրջակա միջավայրի պահպանությանը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։





