Նոյեմբերի 3-ին Թումո Դիլիջանում հավաքվել էին անիմացիայի սիրահարների եւ մասնագետների մի խումբ, որոնք համատեղ բացահայտեցին անիմացիայի կախարդական աշխարհը։ Միջոցառումն ընթացավ ստեղծագործական մթնոլորտում՝ համատեղելով քննարկումներ, պրակտիկ աշխատարաններ և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն՝ բոլորին մեկ քայլ մոտեցնելով անիմացիայի արվեստին։
Միջոցառման առանցքային հատվածը Հայկական անիմացիայի զարգացման հեռանկարները թեմայով պանելային քննարկումն էր։ Թեմայի շուրջ զրուցեցին ոլորտի առաջատար մասնագետներ՝ Զաքար Դեմիրճյանը, Նաիրա Մուրադյանը, Արմինե Անդան և Տիգրան Առաքելյանը, ովքեր բացահայտեցին հայկական անիմացիայի առանձնահատկությունները, զարգացումները և ապագայի ուղղությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի քանի հաջողված նախագծերի՝ «Սևանիկ», «Թռչող տերևների երգը», «Ամանոր» և «Ֆիրդուս» ֆիլմերի առանձնահատկություններին։ Վեց զուգահեռ աշխատարաններում ոլորտի փորձագետները իրենց գիտելիքները փոխանցեցին բոլորին՝ թե՛ նորեկներին, թե՛ արդեն փորձառու մասնագետներին։ Այստեղ ի վերջո ամեն մեկը կարողացավ ձեռք բերել նոր հմտություններ՝ սկսած շարժվող պատկերներից, մինչև բարձրորակ անիմացիա ստեղծելու ողջ գործընթացը։ Բացի այս, միջոցառման ողջ ընթացքում Թումո Դիլիջանի բոլոր հարկերում ներկայացված էին ուսանողների անիմացիոն աշխատանքները, որոնք զարմացրին մասնակիցներին իրենց ստեղծագործական բովանդակությամբ և նորարարական մոտեցումներով։
Մանրամասները՝ ռեպորտաժում։