Արծվաբերդի մարզասրահում տարբեր տարիքային խմբերի երեխաները զբաղվում են ուշուով, կարատեով և ըմբշամարտով։ Մարզասրահը ծառայում է գյուղի երեխաներին, նաև Արծվաբերդի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դասերի և գյուղի երիտասարդների մարզումների կազմակերպմանը։ Այստեղ մարզվում են նաև զինվորականներ՝ ֆիզիկական պատրաստվածության և ատեստավորման նպատակով։
Մարզիչ Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ այս պահին մարզասրահում կանոնավոր մարզվում է շուրջ 24 երեխա։ Նրանց թիվը ժամանակ առ ժամանակ հասնում է 30-35-ի։ Մարզիչը նշում է, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ են հաճախում պարապմունքներին, իսկ մարզվելու պայմանների բարելավման դեպքում նրանց թիվը կարող է ավելանալ։
«Երեխաները հաճույքով են հաճախում։ Համոզված եղեք, որ նրանց քանակը կավելանա, եթե պայմանները նորմալ լինեն», — նշում է մարզիչ Աշոտ Գրիգորյանը։
Սակայն մարզասրահի պայմանները բարելավման կարիք ունեն։ Տանիքից ջուր է ներթափանցում, պատերը խոնավանում են, իսկ մարզական գորգը մաշված է և վնասված։ Խնդիրներ կան նաև մարզական գույքի և ջեռուցման հետ կապված։ Ձմռան ամիսներին ջեռուցման անբավարարությունը դժվարացնում է մարզումների կազմակերպումը և մեծացնում վնասվածքների հավանականությունը։
Մարզիչը կարևորում է մարզասրահի հիմնանորոգումը, մարզական գույքի թարմացումն ու անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը։ Նրա խոսքով՝ մարզասրահին անհրաժեշտ են նաև ըմբշամարտի մարզումների համար նախատեսված հատուկ մարզական սարքեր։
Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Մադյանի խոսքով՝ մարզասրահի վերանորոգման հարցը համայնքում բարձրացված առաջնահերթ խնդիրներից է։ Այն ընդգրկվել է բնակավայրի երեք հիմնական խնդիրների շարքում և ներկայացվել համապատասխան մարմիններին։ Համայնքում հույս ունեն, որ հարցը լուծում կստանա, և մարզասրահը կհիմնանորոգվի։
Մինչ այդ, երեխաները շարունակում են մարզվել՝ սպասելով ավելի անվտանգ ու հարմարավետ պայմանների։ Մարզասրահի վերանորոգումը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մարզական կյանքի զարգացման, այլև երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և գյուղի երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։
Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան




