«Տահույս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի փետրվար ամսից Իջևան քաղաքում իրականացրել է «Կանանց կարողությունների զարգացում Իջևանում» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել Իջևան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով կրթության և արժանապատիվ աշխատանքի նոր հնարավորություններ։
Ծրագրի շրջանակներում Իջևան խոշորացված համայնքում բնակվող 21 կանայք և աղջիկներ մասնակցել են կարպետագործության և ասեղնագործության 5 ամսյա դասընթացների։ Ծրագրում ներգրավվել են նաև Արցախից բռնի տեղահանված կանայք և պատերազմում զոհված տղաների մայրերը։
Ծրագրի դասընթացների միջոցով կանայք ձեռք են բերել ձեռագործ աշխատանքի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ծանոթացել են Տավուշի մարզին բնորոշ կարպետագործական, ասեղնագործական տեխնիկաներին և զարդանախշերին և իհարկե դասավանդող վարպետների օգնությամբ նախագծել և պատրաստել են յուրօրինակ ձեռագործ աշխատանքներ։
Ծրագրի փակման միջոցառմանը՝ հուլիսի 6-ին, իրականացվեց «Կարպետագործություն» և «Ասեղնագործություն» դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, Կարպետի կտրման հանդիսավոր արարողություն և «Տահույս» ՀԿ ծրագրերի շրջանակներում գործող մետաքսանկարչության խմբի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը։