Նոյեմբերյան համայնքում հոկտեմբերի 1-ին անցկացվեց «Էկո-մշակութային փառատոնը»։ Միջոցառումն իրականացվեց «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում՝ Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) միջոցով։
Փառատոնի նպատակն էր ծառատունկի և շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով ընդգծել հողերի և անտառային էկոհամակարգերի վերականգնման, տեղական պտղատու և ընկուզավոր ծառատեսակների պահպանության, ինչպես նաև կենսաբազմազանության կարևորությունը։ Փառատոնը նաև հարթակ էր տարբեր կառույցների և համայնքների միջև համագործակցության խթանման համար։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել բնության պահպանության, հողերի վերականգնման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հետագա քայլերին։
Միջոցառման շրջանակում ձևավորվել են նաև համատեղ ուղերձներ և հետագա գործողությունների առաջարկներ՝ ընդառաջ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։





