Տավուշի մարզում անցկացվեց է «Էներգետիկ խաղեր 2026» կրթական-մրցութային նախաձեռնությունը, որի շրջանակում երիտասարդները հնարավորություն ստացան խորացնելու իրենց գիտելիքները էներգաարդյունավետության, կանաչ շինարարության և էներգետիկ աուդիտի ոլորտներում։ Դիլիջանում կայացած միջոցառմանը մասնակցեցին Տավուշի մարզի 15-24 տարեկան աշակերտներից և ուսանողներից կազմված թիմեր, որոնք նախապես անցել էին առցանց ուսուցողական դասընթաց՝ ծանոթանալով էներգիայի արդյունավետ օգտագործման, էներգախնայողության և էներգետիկ աուդիտի հիմնական սկզբունքներին։
Նախաձեռնության առանցքային բաղադրիչը գործնական առաջադրանքն էր․ մասնակիցները կատարեցին էներգետիկ աուդիտ՝ ընտրելով դպրոցական շենք, բնակարան կամ առանձնատուն։ Թիմերը հավաքագրեցին և վերլուծեցին էներգիայի սպառման վերաբերյալ տվյալներ, գնահատեցին հնարավոր կորուստները, կատարեցին հաշվարկներ և մշակեցին էներգաարդյունավետության բարձրացման առաջարկություններ։ Մրցութային օրվա ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց աշխատանքի արդյունքները։ Գնահատումն իրականացվել է վիկտորինայի արդյունքների, աուդիտի որակի և ներկայացումների հիման վրա։ «Էներգետիկ խաղեր 2026»-ը միաժամանակ անցկացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի թեմաների մասին, և նրանց փոխանցել գործնական հմտություններ, որոնք կարող են կիրառվել «կանաչ» մասնագիտությունների և կայուն զարգացման ոլորտներում։
Նախաձեռնությունն իրականացվել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության RECONOMY ծրագրի շրջանակում, որը համակարգում է Հելվետաս շվեյցարական փոխգործակցությունը։
Տեսանյութը պատրաստվել է համագործակցության շրջանակում։





