«Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացամբ շրջում է ամբողջ Հայաստանում․ տավուշյան կանգառը Դիլիջանի կենտրոնական դպրոցում էր։ «Իմ սրտի տունը» մարդկային ամենատարբեր հույզերի մասին է, հույզեր, որոնք ապրում են յուրաքանչյուրիս սրտում և հենց միայն մեզանից է կախված, թե դրանցից որը կարտացոլվի միջավայրում։
Բարություն ու կարեկցանք, թե՞ չարություն ու նախանձ․ ում ենք տեղ տալիս մեր սրտում․ մտորումներ առաջացնող ներկայացման ուղերձն ավելի իրական դարձրին «Ռոտոնդա» պատանեկան-երիտասարդական ներառական թատերախբի սաները։ Թատերախումբը խոսքի, հնչյունի և ժեստերի միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները՝ ոչ ֆորմալ, ինտերակտիվ եղանակով մասնակից դարձնելով իր հանդիսատեսին։
Այս տարվա աշնանը «Ռոտոնդա» թատերախումբն «Իմ սրտի տունը» ներկայացումով նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի բոլոր մարզերում՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
«Ռոտոնդա» թատերախմբի երիտասարդ դերասանները, իրենց անկեղծ խաղով և վառ արտահայտչամիջոցներով, ամբողջությամբ ցույց տվեցին, թե որքան կարևոր է համերաշխությունը, ներառականությունը և միմյանց ընդունելն՝ անկախ մեր տարբերություններից։ Եվ այո, մենք բոլորս ապրում ենք նույն աշխարհում, որտեղ ամեն մեկը կարող է մի փոքրիկ փոփոխություն բերել՝ սկսելով ինքն իրենից։






