Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ ամյակը։ Սեպտեմբերի 21-ի առթիվ տավուշցիները կիսվել են անկախության, հայրենասիրության և սեփական պատասխանատվության մասին իրենց ընկալումներով՝ հղելով բարեմաղթանքներ ու մտորումներ երկրի ապագայի վերաբերյալ։ Բնակիչների ընդհանրական պատգամն է՝ անկախությունը բարձրագույն արժեք է և մեր պատմության ընդհանուր մեծագույն ձեռքբերումը։
«Անկախության ու ինքնիշխանության ճանապարհը բարդ է, բայց հնարավոր։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա իր ամենօրյա աշխատանքի դերը պետության ամրապնդման գործում», — նշում են տավուշցիները՝ ընդգծելով, որ ազատությունն առաջին հերթին հնարավորություն է ամեն օր բարին ու լավը գործելու, սովորելու և հայրենիքին օգտակար լինելու համար։
Շատերի համար անկախությունը միայն մաղթանքներով պահպանվող արժեք չէ․ այն պահանջում է անհատական նվիրում, հոգատարություն և հոգածություն սեփական երկրի հանդեպ։ Տավուշցիների մաղթանքներում առանցքային են կայունությունն ու խաղաղությունը։ Հայրենակիցները ցանկանում են տեսնել Հայաստանն անվտանգ ու ինքնիշխան, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա ապրել ազգային արժանապատվությամբ և արարել խաղաղ երկնքի տակ։
«Անկախությունն ինձ համար այսօրն է՝ իմ գործով, և գալիքը՝ իմ առաքելությամբ, պիտի փայփայենք ու պահպանենք հայրենիքի անկախությունը, որպեսզի այն լինի հարատև», — նշում են տավուշցիները։




