Հոկտեմբերի 21-22-ը Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից Ծաղկաձորում կազմակերպվել է «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման վերաբերյալ աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Տավուշ Մեդիայի աշխատակիցները։
Աշխատաժողովը վարել է նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Էնրիկո Էլեֆանտեն, որն անդրադարձել է ընտրությունների լուսաբանման ոլորտում եվրոպական չափանիշներին, ընտրական տեղեկատվության ստուգման սկզբունքներին և լրագրողների մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են լրատվամիջոցների և նախընտրական քարոզչության փոխհարաբերությունները, հավատարմագրված լրատվամիջոցների իրավական կարգավիճակը, նախընտրական քարոզարշավի կանոնակարգերը, ընտրակարգերի լուսաբանման հիմնական հիմնախնդիրները և ընտրական գործընթացների ֆինանսավորման հարցերը։
Գործնական վարժությունների և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվության աղբյուրների ստուգմանը, ապացույցների գնահատմանը, անորոշության և ճնշման պայմաններում խմբագրական որոշումների կայացմանը, ինչպես նաև ընտրական գործընթացների պատասխանատու և անկողմնակալ լուսաբանմանը։







