8-րդ անգամ մեկ հարկի տակ՝ այս անգամ Տավուշի մարզում՝ Իջևանում հավաքվել էին հանրապետության մարզերի, Երևանի դպրոցներից ուսուցիչներ ու աշակերտներ, ովքեր «Մանկավարժական մտքի փառատոնում» ներկայացնում են իրենց լավագույն փորձը։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հյուրընկալելով փառատոնը, ընդունել է տասնյակ դպրոցների հարյուրավոր աշակերտների և ուսուցիչների։ Փառատոնում մանկավարժներն ու աշակերտները ներկայացնում են իրենց գործունեությունը, փորձն ու գաղափարները։ Հրազդանի 2-րդ դպրոցի 8-րդ դասարանցիները ստեղծել են խաղեր, որոնք ծանոթացնում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։
Բացի դպրոցներից, միջոցառմանը մասնակցում են նաև կրթական կառույցներ․ դասարան-տաղավարներից մեկում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն է՝ իր «Աշխարհացույց» ծրագրով։ Տավուշի մարզի մանկավարժները գտնվելով կրթական նոր չափորոշիչների առանցքում, կուտակած փորձառություն և ասելիք ունեն․ սա էր փառատոնն Իջևանում անցկացնելու նախադրյալը։
Փառատոնը հաջորդիվ կկազմակերպվի այլ մարզերում՝ դարձյալ մեկտեղելով Հայաստանի մանկավարժական համայնքին, ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության հնարավորություններ։