Տավուշի մարզի Խաշթառակ գյուղը հայտնի է իր բնության գեղեցկությամբ, պատմությամբ և հայկական կինոյում ունեցած առանձնահատուկ դերով։ Իջևանից ընդամենը 6 կիլոմետր հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ ափին գտնվող այս բնակավայրը տասնամյակներ շարունակ դարձել է մի շարք հայկական, գեղարվեստական ֆիլմերի նկարահանման հրապարակ։
Գյուղի բարձունքում վերջերս տեղադրվել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ամենահայտնի դրվագներից մեկին նվիրված քանդակային հուշարձանը։ Այն պատկերում է 1969 թվականին նկարահանված ֆիլմի խորհրդանշական դատավարության տեսարանը, որը հայկական կինոյի ամենախորիմաստ ու փիլիսոփայական դրվագներից է։ Սցենարի հիմքում ընկած է մի պարզ, բայց արժեքային բախում. գյուղի հովիվ Իշխանը և նրա ընկերները խորովել էին իրենց հոտին խառնված, տիրոջից կորած ոչխարները, ինչի համար մեղադրվում են գողության մեջ։ Մինչ հետաքննիչ-ոստիկանը պնդում է, որ օրենքը պետք է կիրառվի խստորեն, հովիվները չեն ընկալում իրենց արարքը որպես հանցագործություն՝ համոզված լինելով, որ սարերում մարդը չի կարող սոված մնալ, իսկ ուրիշի ունեցվածքը յուրացնելու մտադրություն իրենք չեն ունեցել։ Դատավարության գագաթնակետը դատավորի եզրափակիչ խոսքն է, որտեղ օրենքի տառն ու մարդկային բարոյականությունը համադրվում են մեկ որոշման մեջ։ Հենց այդ տեսարանն է դարձել ֆիլմի գաղափարական առանցքը՝ վերածվելով հայկական կինոյի և ազգային մշակութային հիշողության ամենաճանաչելի դրվագներից մեկի։
Ավելի քան 300 տարվա պատմություն ունեցող Խաշթառակում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969թ., ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան), «Տղամարդիկ» (1972թ., ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան) «Ճանապարհ» (1961թ., ռեժիսոր՝ Աղասի Բաբայան), «Ջրերը բարձրանում են» (1962թ., ռեժիսոր՝ Աղասի Բաբայան) և մի շարք այլ հայտնի հայկական գեղարվեստական ֆիլմերի տեսարաններ։ Հենց այդ պատճառով էլ գյուղը հաճախ անվանում են «Հայկական Հոլիվուդ»՝ ընդգծելով նրա նշանակությունը ազգային կինոարվեստի պատմության մեջ։
Այսօր Խաշթառակը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին՝ համադրելով Տավուշի բնության հմայքը, պատմամշակութային ժառանգությունն ու հայկական կինոյի հիշարժան էջերը։ Գյուղ այցելողները հնարավորություն ունեն տեսնելու այն վայրերը, որտեղ նկարահանվել են սերունդների կողմից սիրված ֆիլմերը և վերապրելու այդ ֆիլմերի ճանաչելի մթնոլորտը։
Կարդացեք նաև՝









