Դեկտեմբերի 30-ին Բերդ Մշակույթի Կենտրոն ՀԿ-ում տեղի է ունեցել ժամկետային զինծառայող Ալեքսանդր Գաբրիելյանի «Նամակ Մատնաչափիկին» գրքի շնորհանդեսը։
23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանը մասնագիտությամբ դերասան է։ Մեկ տարուց ավել է, ինչ նա իր զինվորական պարտքն է կատարում հանուն Հայրենիքի։ Մինչ բանակ զորակոչվել Ալեքսանդրը սովորել ու ավարտել է ԵԹԿՊԻ-ն, աշխատել է «Բոհեմ» թատրոնում։ Ասում է՝ որպեսզի ծառայության ընթացքում արվեստի հետ կապը չխզվի, որոշել է գրի առնել բանակային առօրյան։
Ալեքսանդրի՝ 55 էջից բաղկացած այս գրքույկը սիրային նամակ է զինվորից իր սիրած աղջկան, որտեղ ներկայացված է հայ զինվորի առօրյան՝ համեմված ծառայողական հումորային դրվագներով։
«Փորձել եմ այս դժվարին օրերին մի փոքր ռոմանտիզմ, մի փոքր սեր հաղորդել այս գրքի միջոցով»,- պատմում է ինքը՝ Ալեքսանդրը։
Գրքի վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ ուղղվելու է բարեգործության։