Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» մի խումբ աշխատակիցների անունով, նրանց պնդմամբ, առանց իրենց գիտության և համաձայնության ձևակերպված առցանց վարկերի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Ըստ տուժողների՝ կասկածվող անձը օգտվել է գործընկերների վստահությունից։ Առօրյա աշխատանքային շփումների ընթացքում նա աշխատակիցներից խնդրել է տրամադրել իրենց բջջային հեռախոսները՝ իբրև Idram և Armed հավելվածներն ակտիվացնելու նպատակով, այնուհետև նույնականացրել է նրանց և նրանց անունից տարբեր վարկային կազմակերպություններում ձևակերպել առցանց վարկեր։ Տուժողների պնդմամբ՝ ստացված գումարները փոխանցվել և տնօրինվել են կասկածվող անձի կողմից։
Տեղի ունեցածը պայմանավորված է եղել բացառապես գործընկերների միջև ձևավորված վստահությամբ և որևէ կերպ կապված չէ կոմբինատի գործունեության կամ աշխատանքային գործընթացների կազմակերպման հետ։
Մեզ հայտնի դարձավ, որ որոշ դեպքերում վարկային միջոցները փոխանցվել են ոչ թե վարկառուների անձնական բանկային հաշվեհամարներին, այլ կասկածվող անձի կողմից տրամադրված հաշվեհամարին կամ էլեկտրոնային դրամապանակին, առանց լրացուցիչ նույնականացման և տվյալների համադրման։ Իջևանի «Բենտոնիտ կոմբինատից» հայտնում են, որ ենթադրյալ խարդախության մեջ ներգրավված անձը կոմբինատում աշխատել է որպես փաթեթավորող բանվոր և չի զբաղվել անվտանգության ապահովման կամ որևէ այլ վարչական գործառույթով։ Նա կոմբինատի ղեկավարության կողմից լիազորված չի եղել իրականացնելու որևէ աշխատանք, բացի իր աշխատանքային պարտականություններից։
Քննչական կոմիտեից Տավուշ Մեդիային հայտնեցին, որ համակարգչային հափշտակություն կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են առերևույթ հանցանքի վերաբերյալ մի քանի հաղորդումներ, որոնց հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ և միացվել մեկ վարույթում: Մասնավորապես՝ Է.Խ.-ն մի խումբ անձանցից խաբեության եղանակով հափշտակել է տարբեր չափերի գումարներ:
Է.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային հափշտակությունը) եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Կայացվել է կալանավորման որոշում։




