Նոյեմբերյան համայնքում կայացավ «Ճանաչենք Հայաստանը» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որն անցկացվեց հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Միջոցառումը կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը՝ «UMCOR Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
«Ճանաչենք Հայաստանը» խորագիրն ընտրված էր նպատակային. մրցույթի հարցաշարը կազմվել էր այնպես, որպեսզի երիտասարդների շրջանում ամրապնդվի հայրենաճանաչողությունը, խորանան Հայաստանի պատմության, մշակույթի, աշխարհագրության և ազգային արժեքների վերաբերյալ գիտելիքները։ Միաժամանակ խաղը նպաստեց թիմային աշխատանքի, քննադատական մտածողության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
Խաղ-մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Նոյեմբերյան խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցները, Նոյեմբերյանի պետական քոլեջը, «Լոֆթ Նոյեմբերյանը», «Թումո Կողբ» կենտրոնը, ինչպես նաև համայնքի երիտասարդական խմբերը։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 19 թիմ։
Մրցույթի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրեց Նոյեմբերյան քաղաքի «Պատրիոտ» երիտասարդական թիմը։ Թիմի ավագ Արեգ Ամիրաղյանը ճանաչվեց մրցույթի լավագույն խաղացող։ Երկրորդ հորիզոնականում Նոյեմբերյանի վարժարանի «Ալֆա» թիմն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ոսկեվանի «Պարադոքս» երիտասարդական թիմը։ Գիտելիք, թիմային պայքար և հայրենաճանաչողություն․ հարց առ հարց բացահայտելով Հայաստանի պատմության ու մշակույթի էջերը՝ երիտասարդները «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով ճանաչեցին Հայաստանը։




