Ապրիլի 12-13-ը Իջևանում՝ Տավուշ Մեդիայի հայտարարծ մրցույթի հաղթողները հյուրընկալվեցին Տավուշ հեռուստաընկերությունում։ Անցկացվեց երկօրյա ուսուցում-դասընթաց, որից հետո հաղթողներին հանձնվեցին մրցանակները՝ հետագայում Տավուշ Մեդիայի հետ համագործակցության համար։
Երկօրյա դասընթացը մրցույթի հաղթողների մասնագիտական վերապատրաստման առաջին բաղադրիչն է։ Ուսուցման ընթացքում ընթացքում Տավուշ TV-ի մեր թիմակիցները հաղթողներին ծանոթացրին տեխնիկայից օգտվելու հիմնական նրբություններին, պատասխանեցին մեր ապագա թղթակիցների հարցերին։ Միասին քննարկեցինք լրագրությանը, պատմություններ ստեղծելուն, պատկերներ ստանալուն վերաբերող մի շարք կարևոր թեմաներ։
Դասընթացի ավարտին Տավուշ Մեդիան երիտասարդներին նվիրեց մրցանակները՝ իրենց նյութերն ստեղծելու համար տեխնիկայի ողջ փաթեթը․ 4 նկարահանող տեսախցիկ, 4 մոնտաժային համակարգիչ, ինչպես նաև կից պարագաներ՝ բարձրախոսներ, կրիչներ, շտատիվներ և այլն։
Ամիսներ առաջ հայտարարված մրցույթը Տավուշ Մեդիայի նախաձեռնությունն է՝ երիտասարնդերին հնարավորություն տալու տանալ համապատասխան ռեսուրսներ, հմտություններ ու հարթակ իրենց պատմությունները պատմելու համար։ Մրցույթի հաղթողները ստանում են Տավուշ Մեդիայի տարբեր հարթակների՝ հեռուստատեսության, կայքի, բլոգի հետ վարձատրվող համագործակցության հնարավորություն, ինչպես նաև այդ համագործակցությունն ապահովող բոլոր տեխնիկական միջոցները․ նկարահանող և մոնտաժային տեխնիկա, համապատասխան մասնագիտական վերապատրաստում։
Մրցույթի հաղթողներն ընտրվել են 15-30 տարեկան տավուշեցի երիտասարդներից՝ իրենց ուղարկած լրագրողական նյութերի հիման վրա։ Հաղթողներին ընտրել է Տավուշ Մեդիայի թիմը՝ նախնական մրցույթի և հարցազրույցի արդյունքում։ Նախաձեռնության այս փուլում ընտրվել են երիտասարդներ Նոյեմբերյան և Բերդ համայնքներից։
Մրցույթի ամփոփումից հետո Տավուշ Մեդիան սկսելու է հաղթողների հետ համագործակցությունը․ շուտով մեր եթերում և կայքում հասանելի կլինեն մեր նոր, երիտասարդ թղթակիցների տավուշյան պատմությունները։