Իջևան համայնքից 15 երիտասարդներ EUDigitLAB նախագծի շրջանակում ձեռք են բերել շարժական գրաֆիկայի և գրաֆիկ դիզայնի անհրաժեշտ հմտություններ: 8 ամսյա դասընթացներն անցկացվել են երեք գործընկերների՝ Տավուշի ինովացիոն կենտրոնի, ԻննոԻջևանի և Վրաստանի անիմատորների ասոցիացիայի՝ «Սաքանիմայի» համատեղ ջանքերով, որոնք Իջևան քաղաքում հիմնել են թվային տեխնոլոգիաների ուսուցման լաբորատորիա։
Ուսումնական ծրագիրը կենտրոնացած էր «Շրջակա միջավայրի պահպանություն» թեմայի վրա՝ ընդգրկելով տարածաշրջանային բնապահպանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, անտառահատումը, կենդանիների շահագործումն ու Աղստև գետի աղտոտումը: Հուլիսի 9-ին Վերնատուն պատկերասրահում բացվեց աշխատանքների ցուցահանդեսը, որի ընթացքում մասնակիցները պատմեցին ծրագրի շրջանակում ստացած ստեղծագործական ունակությունների ու հմտությունների մասին։
EUDigitLAB նախագծի վերջնական փուլը ներառում էր վրացական «Սաքանիմայի» հետ փորձի փոխանակում, որը ենթադրում է վստահության ձևավորում, ընդհանուր նպատակների բացահայտում, ռեսուրսների փոխանակում և երկարաժամկետ գործընկերության հնարավորություն, ինչն էլ իր հերթին խթանում է նորարարությունը, տնտեսական աճը և սոցիալական ազդեցությունը:
Ցուցահանդեսի հաջորդ օրը տեղի ունեցավ համաժողով՝ երկու երկրների փորձագետների մասանկցությամբ, ովքեր քննարկեցին շարժական գրաֆիկայի և գրաֆիկ դիզայնի ժամանակակից զարգացումներին վերաբերվող հարցեր: EUDigitLAB նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ EU4Culture նախագծի շրջանակներում: