Երաժշտությունը, նվիրումն ու մանկական ձայների ներդաշնակությունը Իջևանում մեկ հարկի տակ էին հավաքել տասնյակ հյուրերի։ Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը, Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում «Նվիրում» խորագրով հանդիսավոր միջոցառմամբ նշվեց «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի հիմնադրման 10-ամյակը։
«Այսօր «ՏաԼույս»-ը նշում է իր տասնամյա հոբելյանը: Պայծառակերպության տոնի խորհրդով հավատքի, գիտելիքի, կրթության լուսավոր ճանապարհ անցավ «Տալույս»-ը: Այսօր արդեն ընդլայնված կազմով ենք մենք ներկայանում: Հիմնական կազմը և ուսումնական փոքրերի կազմը արդեն իրողություն են և վկայությունն են այն գաղափարների, որոնք այլևս կյանքի են կոչվել: Ուրախ ենք, հուզված, նաև շատ անսասան ոգով, քանի որ սերունդներից մեզ փոխանցված մեր հայրապետերի, մեր սխրանք կատարող զորավար ոգով հայորդիների ուժը սերունդների միջև անխզելի կապ է ձևավորում: Եվ մենք պարտավոր ենք ուղղակի հայ ազգային և հոգևոր մշակույթը, ի դեմս երգարվեստի, խմբերգային արվեստի հանրահռչակել, քանի որ, երբ մենք մեր մշակույթը լավ ենք ճանաչում, ինքներս հայացք ենք գցում դեպի մեր ներսը և հասկանում ենք, որ ավելի ինքնաճանաչ ենք դառնում: Մշակույթն է մեր ինքնության պահպանողը, կարևորագույն ինքնութենական բաղադրիչներից մեկը, ինչպես նաև եկեղեցին, հավատքը, մեր լեզուն: Այսօրվա մեր համերգային ծրագիրը այդ բովանդակությանից ներս էր», — նշում է «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի խմբավար, գեղարվեստական ղեկավար Մարիա Գալստյանը։
Տասնամյակի ընթացքում «ՏաԼույս»-ը դարձել է երգարվեստի դպրոց ու արժեքների ձևավորման կարևոր միջավայր։ Երգչախմբում այսօր գործում են կրտսեր և ավագ խմբեր, ուսումնական և համերգային կազմեր, որտեղ տավուշեցի երեխաները սովորում են երգարվեստ, թիմային աշխատանք, կարգապահություն ու պատասխանատվություն՝ մեծանալով որպես բարեկիրթ և արժանապատիվ քաղաքացիներ։
Հոբելյանական համերգի ընթացքում բեմում հնչեցին ինչպես սիրված ստեղծագործություններ, այնպես էլ այն երգերը, որոնք տարբեր տարիներին դարձել են երգչախմբի այցեքարտը։ Տասը տարվա ընթացքում «ՏաԼույս»-ը հասցրել է ներկայանալ հեղինակավոր հարթակներում։ Երգչախումբը մասնակցել է «Ստարմուս» միջազգային փառատոնին, հանդես եկել Մանկական Եվրատեսիլի փակման արարողությանը, ինչպես նաև նկարահանվել երաժշտական հոլովակներում։
«Նվիրում» խորագիրը խորհրդանշական էր։ Այստեղ երեխաների մեջ սերմանվում է նվիրում հայրենիքին, եկեղեցուն և ազգային արժեքներին։ Ու հենց այդ արժեքների շուրջ ձևավորված սերունդն է, որ «ՏաԼույս»-ի գործունեության ամենամեծ ձեռքբերումն է ու շարունակականության լավագույն երաշխիքը։




