Նոր զբոսաշրջային հասցե՝ Տավուշում․ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում գտնվող «Տանիք» հյուրատունը սպասում է իր հյուրերին։ Արծվաբերդում բնակվող Դուրյանների ընտանիքը գյուղական բնակելի տան տանիքում հյուրատուն է ստեղծել՝ որտեղ կարելի է վայելել Տավուշի ինքնատիպ բնությունն ու գյուղական կյանքը։ Հունիսի 3-ին հյուրատան պաշտոնական բացման օրն էր, որի առթիվ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց տնօրհներքի արարողությունը։
Արարողությանը հաջորդեց ազգային, մշակութային երգ ու պարը՝ «Շուշիկի» բենդի և «Բեկոր» ազգագրական պարի խմբի կատարմամբ։ Այսնուհետև հյուրերը շրջեցին հյուրատան տարածքում․ բացման միջոցառումը «Մեր սրտի գյուղը» խորագիրն էր կրում, որի շրջանակում հյուրերը մասնակից եղան նաև ավանդական ու հենց տավուշյան խոհանոցին հատուկ ուտեստների պատրաստմանը։ Փռան հաց, Շամշադինյան սալի, դիլիմ, խնոցու հարում ու ոչ միայն․ Տանիքի հյուրերի գյուղական ժամանցը ապահովված է։
Ամենահետաքրքիր բացահայտումների ու ամենավառ տպավորությունների վայրը հենց գյուղն է, և հյուրատան նպատակը մարդկանց գյուղական կյանքին ու կենցաղին սիրահար դարձնելն է։
Հյուրատունը ներառում է 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ և խոհանոց։ Տանիքի հյուրերին բացի գիշերակացը առաջարկվում է նաև քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերը կծանոթանան գյուղական ավանդական ուտելիքներին, կմասնակցեն գյուղական մթերքների պատրաստմանը:
«Տանիք» հյուրատան ստեղծմանը աջակցել է Բերդի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը։ Հյուրատունը ապահովված է բոլոր հարմարություններով, որեպսզի հյուրերը վերադառնան լավագույն տպավորություններով։
Սիրո համադրությամբ, յուրահատուկ բնությամբ ու հյուրընկալությամբ Արծվաբերդը զբոսաշրջության նոր վայր կդառնա։ Տանիքը խոստանում է դառնալ զբոսաշրջիկների սիրելի ու սպասված հասցեն։