Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի ավելի քան 50 մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:
«ՀայԲույս»-ի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանն ասում է՝ «փառատոնը ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլ նաև մի փոքր նոր գիտելիք, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս»: Նրա խոսքով՝ հենց սա է մտնում «ՀայԲույս»-ի հայեցակարգի և կարգախոսի մեջ. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»:
«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում: Պարային ելույթներով հանդես եկան Դիլիջանի գեղարվեստի դպրոցի եւ M dance Studio-ի սաները: Պլաստիկե ու բնական նյութերից երաժշտական գործիքներ պատրաստելով՝ «Շուշիկի բենդ»-ը հետաքրքիր երաժշտական վարպետաց դաս անցկացրեց ներկաների հետ:
Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։
Չնայած օրվա առաջին մասի եղանակային պայմաններին, Տավուշի մշուշը չխանգարեց հյուրերին գեղեցիկ հուշեր տանել իրենց հետ. ողջ օրն ուղեկցվեց ազգային, ժողովրդական երգերով, երաժշտությամբ, պարերով ու ավանդական խաղերով:
Նշենք նաև, որ «ՀայԲույս» փառատոնն առաջին անգամ կայացել է 2015 թվականին: Ամենամյա դարձած միջոցառումն 2018 թ.-ին արժանացել է Global Event Awards –ի մրցանակին «Ժամանցային տուրիզմի լավագույն միջոցառում» և «Ոսկե փազլ. լավագույն միջոցառումային նախագիծ» անվանակարգերում: