Այսօր՝ հունիսի 3-ին, Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում կայացավ «Տավուշն է խոսում – ժողովրդական խոսափող» նախաձեռնության հերթական հանդիպումը՝ բնակիչներին հնարավորություն տալով ուղիղ եթերում բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները։
Բաց հանրային հարթակում իրենց տեսակետներն ու առաջարկներն արտահայտեցին տարբեր տարիքի քաղաքացիներ։ Քաղաքացիների խոսքում հնչեցին համայնքային կյանքի, ճանապարհային ենթակառուցվածքների, զբաղվածության, կրթության, երիտասարդների ներգրավվածության, սոցիալական խնդիրների և մարզի զարգացմանն առնչվող այլ հարցեր։
Նախաձեռնության նպատակն է ստեղծել բաց երկխոսության միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն ներկայացնել իր կարծիքը, առաջարկներն ու ակնկալիքները՝ նպաստելով հանրային մասնակցության և համայնքային խնդիրների բարձրաձայնմանը։











