2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշ Մեդիան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում իրականացնելու է համալիր գործողություններ՝ քաղաքացիների ձայնը բարձրաձայնելու, համայնքային և հանրային կարևոր խնդիրները վեր հանելու, դրանք Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերին ու դերակատարներին հասցեագրելու նպատակով:
Այս համատեքստում նախընտրական շրջանում իրականացնում ենք «Տավուշն է խոսում. ժողովրդական խոսափող» նախաձեռնությունը՝ հասկանալու, թե ինչն է այսօր կարևոր համայնքների համար, ինչ հարցեր ու խնդիրներ են հուզում մարդկանց և ինչպես կարելի է խթանել ավելի ակտիվ, իրազեկված ու պատասխանատու քաղաքացիական մասնակցությունը։
«Տավուշն է խոսում – ժողովրդական խոսափող» բաց հանրային հարթակն այսօր` մայիսի 27-ին, տեղակայվել էր Իջևանի Քանդակների այգում՝ դառնալով բնակիչների ձայնը լսելի դարձնելու կարևոր հարթակ։ Այստեղ հնչեցին Տավուշի մարզին հուզող ամենատարբեր հարցերը՝ սոցիալ-տնտեսական խնդիրներից ու անվտանգությունից մինչև կրթություն, երիտասարդության ներգրավվածություն, զբաղվածություն և համայնքային զարգացման այլ թեմաներ։
Բաց ձևաչափի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու իր մտահոգությունները, առաջարկներն ու ակնկալիքները:






