Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։
Տոնը ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում․ այն ապրող ու շարունակվող ավանդույթ է, որը դարերից եկող խորհուրդն է փոխանցում նոր սերունդներին։ Տեառնընդառաջը կենտրոնանում է նորապսակների շուրջ՝ կարևորելով հայկական մշակույթում նորաստեղծ ընտանիքի հանդեպ համընդհանուր հոգատարությունն ու աջակցությունը։ Այն նոր կյանքի, հույսի և ընտանեկան ջերմության խորհրդանիշ է։ Տավուշում ընտանիքի արժեքը նույնքան հիմնարար է, որքան անվտանգ ու խաղաղ հայրենիքը։
Տոնի առթիվ Արծվաբերդի մշակույթի տան բակում հավաքվել էին գյուղի բնակիչները։ Տոնական խարույկի շուրջ հատկապես ուշադրության կենտրոնում էին նորապսակ զույգերը։
Ավանդույթի համաձայն՝ երիտասարդ զույգերը պտտվում են կրակի շուրջը և ձեռք-ձեռքի տված ցատկում խարույկի վրայով՝ հավատալով, որ կրակի մաքրող ու լուսավոր ուժը իրենց ընտանիքներին կբերի ջերմություն, ամրություն և երջանկություն։ Միջոցառման ընթացքում հնչեցին տոնական երգեր, իսկ երիտասարդները հանդես եկան ազգային պարերով՝ խարույկի շուրջ ստեղծելով միասնականության ու ոգևորության մթնոլորտ։ Օրվա խորհուրդը սահմանամերձ համայնքներում կրկնակի արժեք է ստանում։ Այստեղ ապրող մարդիկ առավել խորությամբ են գիտակցում, որ ամուր ընտանիքն ուժեղ ու կայուն պետության հիմքն է։
Տեառնընդառաջի խարույկի լույսի ներքո նորապսակները միմյանց խոստացան սիրել ու պահպանել իրենց ընտանիքները, իսկ համագյուղացիները նրանց մաղթեցին խաղաղություն, համերաշխություն և լույսով լի ճանապարհ։
Բերդ համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութը։
Լուսանկարները՝ Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարաններից։
Տեսանյութը՝ Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։
















